Օփրեթում և Խոխմելում «քվեարկել է» ավելի շատ ընտրող, քան բնակվում է

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի 68-րդ ընտրատեղամասում, որը միավորում է երկու գյուղ՝ Օփրեթը և Խոխմելը, հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների օրը «քվեարկել է» ավելի շատ ընտրող, քան բնակվում է: Այս մասին պարզ է դառնում TV Pirveli հեռուստաընկերության «Անտեսանելի մարդիկ ընտրություններում. ինչպես է հաղթանակը նկարել «Երազանքը»» վերտառությամբ լրագրողական հետաքննությունը:

Օփրեթ և Խոխմել գյուղերում, որտեղ կիսաքանդ տները փաստում են բնակչության սակավության մասին, ընտրողների միասնական ցուցակում գրանցված է 189 քաղաքացի, ընտրությունների օրը քվեարկել է 180-ը. նրանցից 168-ը՝ «Վրացական երազանք»-ի օգտին: Երկու դատարկվող գյուղերից «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների 94 տոկոսը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների՝ միասնական ցուցակի 189 գրանցվածներից 34-ն արտասահմանում է. ստացվում է՝ եթե անգամ երկրում գտնվող և այս ընտրատեղամասում գրանցված բոլոր բնակիչները մասնակցեին ընտրություններին, ապա նրանց թիվը կկազմեր 155, իսկ ահա ընտրությունների օրը կասկածելիորեն քվեարկել է 168-ը:

TV Pirveli-ի հետաքննող լրագրողն այցելել է գյուղեր, բնակիչներ փնտրել, խոսել նրանց հետ:

Օփրեթ գյուղի բնակիչների խոսքով, գյուղում բնակվում է մոտ 60 մարդ: Բնակիչները հիմանականում արտագաղթում են Հունաստան, Գերմանիա և այլն: Հետաքննող լրագրողը գյուղի բանկիչներին անուններ է հարցրել, որոնք «քվեարկել են» ընտրությունների օրը: Գյուղացիներից շատերը լսելով անունները զարմացել են, ոմանք չեն էլ ճանաչել. հարց է առաջանում՝ ինչպես են այդ օրը «քվեարկել» մարդիկ, որոնք երկրում չեն գտնվում, ընտրությունների օրն էլ գյուղում չեն եղել:

Խոխմել գյուղի բնակիչներից մեկն ասել է՝ գյուղում, ընդհանուր առամամբ, 18 ընտանիք է բնակվում: Բնակիչը լրագրողին ասել է, որ գյուղից հեռացած բնակիչներն ընտրությունների օրվա համար իրենց անձնական համարներն են ուղարկել, որ իրենց փոխարեն համագյուղացիները քվեարկեն:

Նշենք, որ Քվեմո Քարթլին միակ վայրը չէ, որտեղ «Վրացական երազանք»-ը դատարկված գյուղներից «քվե է ստացել»: Սամցխե-Ջավախեթի շրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ասպարա գյուղը, որտեղ մարդ չի ապրում, սակայն հաշվառված է 41 բնակիչ, ընտրությունների օրը «քվեարկել է» 27 քաղաքացի, նրանցից 25-ը՝ «Վրացական երազանք»-ի օգտին: