Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփվել են

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։

«Ամփոփ արձանագրությունը կազմվել է։ Սա ընտրական շրջանի փաստացի ավարտն է»,- արձանագրությունը ստորագրելուց հետո ասել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։

Արձանագրությունը ստորագրել է նաև ԿԸՀ քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին։

ԿԸՀ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների արդյունքները` ստորև.

  • «Վրացական երազանք»՝ 53,93 տոկոս,
  • «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,03 տոկոս,
  • «Միասնություն — Ազգային շարժում»՝ 10,17 տոկոս,
  • «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
  • «Վրաստանի համար»՝ 7,78 տոկոս։

Արդեն տեղեկացրել ենք, որ ընտրությունների ամփոփման ժամանակ ԿԸՀ-ում վիճաբանությամբ էր սկսվել։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը կարճ ժամանակով դադարեցվել է։

Կալանդարիշվիլին հանդիպման է վերադարձել խոժոռված և մեկ աչքը վիրակապած։

ԿԸՀ նիստին զուգընթաց, շենքի մոտ բողոքի ակցիա էր ընթանում։ Ակցիան շարունակվում է։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած նախնական արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։

Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։

Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։