Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստը, որտեղ նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։
ԿԸՀ նախագահին Կրթաձեն ասել է. «Ձեր անմիջական մասնակցությամբ և ձեր անարդար որոշումներով երկիրը շարժվում է դեպի Ռուսաստան»։
Կալանդարիշվիլին Կիրթաձեին թույլ չի տվել ավարտել ելույթը։ Բանավեճից հետո Կիրթաձեն ներկ է լցրել Կալանդարիշվիլիի վրա։ Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։
ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքվածները պահանջում են չամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունները, քանի որ ընտրությունները համարում են կեղծված։
Հավաքվածների թվում են ընդդիմության մի մասը, քաղաքացիական կազմակերպություններն ու ուսանողները։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած նախնական արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։
Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։