Սոխումի-Մոսկվա ներդրումային «համաձայնագիրը» չի վավերացվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետության խորհրդարանում Սոխումիի և Մոսկվայի միջև ներդրումային «համաձայնագրի» վավերացման գործընթացը ձախողվել է։ «Պատգամավոր» Էրիկ Ռշտունին ասել է՝ պատգամավորները չեն աջակցել, որ հարցն ընդգրկվի օրակարգում. նիստը չի կայանա։

«Խորհրդարանի» շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում Սոխումիի և Մոսկվայի միջև ներդրումային «համաձայնագրի» վավերացման դեմ, որը նախատեսվում է քննարկել այսօր։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առավոտից բողոքի ցույցին միանում են քաղաքացիներ. վանկարկում են՝ «երկիրը մի ծախեք, դավաճանություն մի արեք»։ «Խորհրդարան»-ի շենքի մոտ բեռնատարների շարասյուն են տեղակայել, լրագրողներին թույլ չեն տվել մտնել շենք։

Տեղական «ընդդիմության» առաջնորդներից Ադգուր Արձինբան ավելի վաղ հայտարարել էր՝ «պատգամավորների» խումբը «խոսնակ»-ից պահանջում է օրակարգից հանել վավերացման հարցը։ Ցուցարարները չեն պատրաստվում ցրվել, քանի դեռ խնդիրը չի լուծվել։

Աբխազիայի «կառավարությունը համաձայնագիրը» դիտարկում է որպես տնտեսության խթանման միջոց։ Իսկ հակառակորդների համար դա հավասարազոր է «Աբխազիայի շահերից» հրաժարվելուն։

Թբիլիսիի լուռ համաձայնությամբ Մոսկվան անեքսիայի է ենթարկում Աբխազիան. փորձագետներ