Խորհրդարանին ընդդիմության լեգիտիմությունը պետք չէ. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ ի վերջո ընդդիմությունը կմտնի նոր գումարման խորհրդարան:

Կոբախիձեն, թեև նշել է՝ ընդդիմության խորհրդարան մտնելով կամ չմտնելով «ոչինչ չի փոխվի», քանի որ «խորհրդարանին ընդդիմության լեգիտիմությունը պետք չէ»։

«Բոլորը հիշում են չորս տարի առաջ, նրանք (ընդդիմությունը-հեղ.) մտան խորհրդարան, բայց խորհրդարանական կյանքին ոչ մի դրական բան չբերեցին, եղավ լիակատար ավերածություն, կար լիակատար արմատականություն, ուստի հանգիստ կարելի է ասել, որ մտնելու են խորհրդարան…»,- ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ «Ուժեղ Վրաստան», «Միասնություն — Ազգային շարժում» և «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիաները որոշել են հրաժարվել մանդատներից և չեղարկել ԿԸՀ-ում ընտրացուցակը։ Մեկ այլ ընդդիմադիր՝ «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է՝ լեգիտիմություն չի տա «Վրացական երազանք»-ի խորհրդարանին։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ էին. ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են կեղծված և գողացված, չեն ճանաչում դրանք, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել Միջազգային ընտրական վարչության կողմից։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը մնում է իշխանության չորրորդ ժամկետով։ Այս ընտրություններում երկրի քաղաքացիների 90 տոկոսը քվեարկել է էլեկտրոնային համակարգերի միջոցով. էլեկտրոնային ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիության իրավունքի խախտումն այս ընտրությունների հիմնական բացահայտված խնդիրներից է։

Ընտրախախտումների հետաքննության անհրաժեշտության մասին խոսում են նաև Արևմուտքում Վրաստանի գործընկերները։ Միջազգային հետաքննության խնդրանքին զուգահեռ Վրաստանի դատախազությունը ԿԸՀ-ի պահանջով հետաքննություն է անցկացնում ընտրությունների ենթադրյալ կեղծիքների վերաբերյալ։ Այս գործով արդեն հարցաքննվել են ընդդիմության առաջնորդները, պետք է հարցաքննվի նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։