Թբիլիսիի քաղաքականությունը՝ ռազմական նախագծերի չեղարկման պատճառ. Ֆիշեր

Վրաստանի քաղաքականությունը մտահոգիչ է, պատճառ է դարձել մի քանի խոշոր ռազմական նախագծերի չեղարկման, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:

«Ես հպարտ եմ պաշտպանության ոլորտում գերմանա-վրացական լավ համագործակցությամբ և Վրաստանի պաշտպանության ուժերին Գերմանիայի աջակցությամբ։ Ցավոք, Վրաստանի ներկայիս քաղաքականությունն անհանգստացնում է Գերմանիային և հանգեցրել է մի շարք խոշոր ռազմական նախագծերի չեղարկմանը Վրաստանում»,- X-ի միկրոբլոգում գրել է դեսպանը։

Ֆիշերը չի հստակեցնում, թե կոնկրետ որ նախագծերի մասին է խոսքը, սակայն, ինչպես հայտնի է՝ Վրաստանի հետ չեղարկվել են ԱՄՆ «Արժանի գործընկեր» զորավարժությունները, որին մասնակցում էին նաև գործընկեր այլ երկրներ։ Բացի այդ, ինչպես հուլիսին ասել էր դեսպանը՝ Գերմանիան որոշել է այս փուլում նոր ֆինանսական պարտավորություններ չստանձնել Վրաստանի հետ։

Նախկինում հայտնի էր, որ.

  • Գերմանացի զինվորականները չեղյալ են հայտարարել «Արժանի գործընկեր» զորավարժություններին մասնակցությունը:
  • Գերմանիան չեղյալ հայտարարեց անցած տարի Թբիլիսիում անցկացված խոշոր իրավական ֆորումը, որը պետք է անցկացվեր Բեռլինում այս ամառ:
  • Գերմանիայի կառավարության որոշմամբ՝ այս պահին Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական պարտավորություններ չեն ստանձնի։