ՌԴ-ի ենթադրյալ միջամտությունը վրաստանյան ընտրություններին. բանավեճ ԵԽ-ում

Եվրախորհրդարանում այսօր՝ նոյեմբերի 13-ին, բանավեճ է անցկացվելու Վրաստանում կայացած վիճահարույց խորհրդարանական ընտրությունների և դրան Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում։

Քաղաքական խմբերը համաձայնել են փոփոխել լիագումար նիստի օրակարգը՝ ներառելով այս թեման: Եվրոպացի խորհրդարանականները պետք է հաստատեն որոշումը բացման ժամանակ։ Բանաձևը քվեարկության կդրվի նոյեմբերի 25-28-ը կայանալիք լիագումար նիստում։

«Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վրաստանի փողոցներ՝ բողոքելու 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների վիճելի արդյունքների դեմ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ չնայած ձայների կեղծման հարցում Ռուսաստանի օգնությանը։ Ցուցարարները, ի թիվս հարցերի, պահանջում են նոր ընտրություններ միջազգային վերահսկողության ներքո։ Բացի այդ պատշաճ հետաքննություն անցկացնել ենթադրյալ ընտրակեղծիքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Եվրամիության 15 կառավարությունների ներկայացուցիչներ խորը մտահոգություն են հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ դատապարտելով ազատ և արդար ընտրությունների միջազգային չափանիշների խախտումը. «Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները մատնանշել են նաև միջազգային դիտորդների արձանագրած խախտումները՝ պահանջելով պատշաճ հետաքննություն»:

Բանավեճը նախաձեռնել են «Կանաչները», «Լիբերալները» և «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը»։ Նիստը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Եվրոպացի առաջնորդները հաճախ բացահայտ խոսում են Վրաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։

Առանց հետաքննության ԵՄ-ն չի ճանաչի ընտրությունները. կարծիքներ