Դատարանի որոշումն անարդար են որակում․ կարծիքներ

Թբիլիսիի քաղաքային դատարանն անընդունելի է ճանաչել «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հայցը, որով պահանջվում էր ընտրացուցակների վերստուգման հնարավորություն։

«Կա ԿԸՀ-ի, դատախազության և դատարանի համակարգված գործողություն, որի նպատակն է ընտրակեղծիքների ապացույցներն ամբողջությամբ «երազանքի» հսկողության տակ թողնել»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

Ընդդիմադիր հիշյալ ուժը դատարանի միջոցով փորձում էր ընտրացուցակների վերստուգման նպատակով ԿԸՀ-ին պարտավորեցնել տվյալների բազան պահել սերվերներում և քվեարկության մեքենաներում։

«Ցուցակներն այսօր կամ վաղը հրապարակվելու դեպքում, կլինի հիմնավոր ենթադրություն՝ մանիպուլյացիաների մասին։ Ճշմարտությունը հնարավոր կլինի պարզել միայն միջազգային հետաքննության միջոցով», — նշել են կուսակցությունից։

Վրացի վերլուծաբանները վրացական դատարանների կայացրած որոշումները որակում են ոչ ժողովրդավարական:

«Ցավոք, դատարանն անկախ չէ․ կախման մեջ է «Վրացական երազանք»-ից: Ինքս չեմ վստահում Վրաստանի դատարանին, որը կայացնում է կողմնակալ, քաղաքական որոշումներ: Հայցերի անբավարար ճանաչումը ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Եթե դատարանն իրեն համարում է ժողովրդավարական, ապա պետք է անսա հասարակության հիմնավոր կասկածին, որ ընտրությունները կեղծված են, պետք է ամեն ինչ անի՝ հաստատելու, կամ հերքելու այն», -«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով՝ եթե դատարանը թաքցնում է խնդրի առկայությունը, ապա վախի մթնոլորտում է գործում:

Հիշեցնենք՝ ընտրություններից հետո միայն Թեթրիծկղարոյի դատարանն է չեղյալ համարել Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով։

Զաքարեիշվիլին անդրադառնալով Թեթրիծկղարոյի դատարանի որոշմանը, ասաց, որ դատավորն ազնիվ է գտնվել իր աշխատանքը կատարելիս:

«Պարզ է՝ ժողովրդավարական Վրաստանը կարևոր է եղել նրա համար․ արդյունքում կատարվել է հետաքննություն՝ պարզելու ընտրություններում ձայնի գաղտնիության խախտումը», — ընդգծում է վերլուծաբանը:

Զաքարեիշվիլիի համոզմամբ՝ նախադեպը պետք է տարածվի Վրաստանի ողջ ընտրատարածքներում, որպեսզի դատական մակարդակով պարզ դառնան ընտրությունների արդյունքների կեղծումը՝  նոր ընտրությունների անցկացման հնարավորություն ընձեռելով:

«Ապարդյուն է իրավական դատավարության մեջ փնտրել «կախարդական» դրույթներ՝ հուսալով, թե ավտորիտար ռեժիմի հետ իրավական պայքարում (հատկապես դատական ​​կլանի պայմաններում) դա նշանակություն կունենա»,- ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին Մելաշվիլին:

Ըստ նրա` հիմա ավելի կարևոր է ընդդիմադիր դաշտի համախմբումն ու միասնական քայլերով պայքարը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է ընտրական բողոքները