Հունվարին Վրաստանը նոր նախագահ կընտրի. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որ Բաքվում մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է՝ հավանաբար, հունվարին, Վրաստանը նոր նախագահ կընտրի:

«Ամեն ինչ հանգիստ է, կամփոփվեն ընտրությունների արդյունքները, տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի նիստը, որից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը։ Շատ շուտով, հավանաբար՝ հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ, որից հետո տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը։ Երկիրը շարունակում է ապրել սովորականի պես», — ասել է վարչապետը:

Կոբախիձեն նշել է, որ ընդդիմությունը «զբաղված է բաժակում փոթորիկ հրահրելով» և գտնվում է «ինքնաոչնչացման ռեժիմում»։

Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում «Վրացական երազանք»-ի կողմից աջակցություն ստացած «անկախ թեկնածու» էր, համընդհանուր ընտրություններով ընտրված վերջին նախագահն է։

Վրաստանի վեցերորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կընդգրկվեն Վրաստանի խորհրդարանի և Աբխազիայի ու Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։