Սպորտի պալատը կվերականգնվի. Կալաձե

Թբիլիսիի Սպորտի պալատը կվերականգնվի։ Քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝  աշխատանքները կսկսվեն մոտ օրերս։

Քաղաքային իշխանության ղեկավարը նշել է՝ շենքը մունիցիպալ ձեռնարկության սեփականությունն է, որը 2007 թվականին ստորագրված պայմանագրով կառավարման իրավունքով փոխանցվել է «Logic Group» ընկերությանը։ Քաղաքապետի խոսքով՝ այս պայմանագիրն այլևս չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, և ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել վերականգնողական աշխատանքներ։

«Պալատի հիմնական տարածքը կվերականգնվի․ նախատեսված է հատակի, նստատեղերի, պատերի, այցելուների շրջանառության տարածքի, հանդերձարանների, VIP մուտքերի, կահույքի և այլ հատվածներ վերանորոգում/թարմացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպորտի պալատը պատմական շինություն է, հնարավորինս կպահպանվեն պատմական նյութերը, հատկապես բնական քարից երեսպատումը», — ասել է Կալաձեն:

Նա ընդգծել է՝ Սպորտի պալատը հագեցած կլինի բազմաֆունկցիոնալ նպատակների համար անհրաժեշտ սարքավորումներով և համակարգով՝ ներառյալ լուսավորություն, ձայն, տեսանկարահանում, էկրան, բեմ, հատակի ծածկ, հեռարձակում, հատուկ էֆեկտներ։

Սպորտի պալատին հարող տարածքում կկազմակերպվի հանգստի գոտի, կբարեկարգվեն դեպի մետրո տանող աստիճանները և հարակից տարածքը։ Կլինի նաև ավտոկայանատեղի  և խաղահրապարակ։