Վրաստանից չվերահսկվող Սոխումիում ձերբակալված հինգ ընդդիմադիրները՝ Ասլան Գվարամիան, Օմար Սմիրին, Ռամազ Ջոպուան, Գարի Կոկաիան և Ալմասխան Արձինբան, ազատ են արձակվել:
Սոխումիում տեղի ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը հանգեցրել էր բողոքի ցույցերի, անկարգությունների, Կոդորի և Գումիսթիի կամուրջների արգելափակմանը։
Ավելի վաղ ցուցարարների հետ բանակցությունների ժամանակ «Ժողովրդական պալատի» անդամ Սոկրատ Ջինջոլիան հայտարարել էր, որ Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը պատրաստ է կամուրջների բացման դիմաց ազատ արձակել բոլոր ձերբակալված ընդդիմադիրներին։ Օրվա վերջում հայտնի դարձավ, որ բացվել է նաև Գումիսթիի փակ կամուրջը։
Ընդդիմությունն ու քաղաքացիները բողոքում են Ռուսաստանի և Աբխազիայի միջև վերջերս ստորագրված, այսպես կոչված՝ «Ներդրումային գործունեության համաձայնագրի» դեմ։ Այդ «համաձայնագիրը» ռուսական ընկերություններին իրավունք է տալիս իրենց ներդրումային նախագծերն իրականացնել Աբխազիայում։