Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան «Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ» է հրավիրել: Դրան նախորդել էին բողոքի ցույցեր, որոնք սկսվել էին տեղի ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և կենտրոնական մայրուղու փակման պատճառով։
Աբխազական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «հանրապետական ճանապարհի ապօրինի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի» պատճառով «իրավապահ մարմինների ղեկավարները» Բժանիային զեկուցել են այն միջոցների մասին, որոնք կիրառել են անօրինական գործողությունները կանխելու համար։
Աբխազիայի «անվտանգության խորհրդի քարտուղար» Ռաուլ Լոլուայի խոսքով, անվտանգության ծառայության մոտ հավաքվածների գործողությունները և մայրուղու փակումը քրեորեն պատժելի արարքներ են։
Նոյեմբերի 11-ի երեկոյան սոցցանցերով լուրեր են տարածվել, որ Աբխազիայում ձերբակալվել են տեղական «ընդդիմության» ներկայացուցիչներ: Նրանց հարազատներն ու ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին այս շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Ավելի ուշ հանրահավաքը տեղափոխվել է Սոխումիի Ազատության հրապարակ։
Ընդդիմության ներկայացուցիչներն ու կողմնակիցները փակել են Գումիսթիի և Կոդորիի կամուրջները՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։
Աբխազիայի ընդդիմադիր «Ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության առաջնորդ Ասլան Բարցիցը հայտնել է, որ ընդդիմադիր ակտիվիստները վերադառնում էին Գուդաութիից, որտեղ հանրային հանդիպում էր տեղի ունեցել՝ քննարկելու նպատակով Ռուսաստանի և Աբխազիայի միջև վերջերս ստորագրված «Ներդրումային գործունեության համաձայնագիրը»։ Այդ «համաձայնագիրը» ռուսական ընկերություններին իրավունք է տալիս իրենց ներդրումային նախագծերն իրականացնել Աբխազիայում։
Աբխազական ընդդիմությունը դեմ է համաձայնագրին և պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել դրա վավերացման օրը՝ նոյեմբերի 15-ին։
Բարցիցը հայտնել է, որ ընդդիմադիրների ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։