Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 11

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 11-ին հյուրընկալել է Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին։

«Վրացական երազանք»-ի առաջնորդները չեն հանդիպել եվրոպացի պատգամավորներին: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորների այցը Վրաստան «չի ծառայում երկրի ազգային շահերին»։ Վարչապետի թիմակից Կախա Կալաձեն, որ «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղարն ու Թբիլիսիի քաղաքապետն է, եվրոպացի պատգամավորներին «անգործունյա» և «վնասատու» է անվանել: Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել նրանց հետ:

Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորները հանդիպել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների հետ։

Ֆրանսիայի խորհրդարանի եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆրեդերիկ Պետիտը Վրաստանում ԵՄ 8 երկրների պատվիրակության հետ հանդիպումից հետո իր զարմանքն է հայտնել այն իրողության վերաբերյալ, որ պատգամավորը (նկատի ունի Շալվա Պապուաշվիլիին) հրաժարվել է իրենց հետ հանդիպումից։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը Վրաստանի նախագահի և ԵՄ 8 երկրների խորհրդարանների պատվիրակության հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է խաթարել իրենց վստահությունը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 11 դատապարտյալի։

Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի կինը՝ Սևիչ Սադիգովան, նրանց երեխաները և իրավապաշտպանները Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ, բողոքի ցույց են անցկացրել:

Վրաստանյան «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպության (ՀԿ) դիտարկման համաձայն՝ հայտնաբերվել են 7 կեղծ և 15 կասկածելի պրոֆիլներ, որոնք ներգրավված են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ֆեյսբուքյան էջում իրենց աջակցող քարոզարշավում։

Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ հողերի համակարգված գրանցման բարեփոխումը կշարունակվի մինչև 2025 թվականի ավարտը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 11-13-ը Բաքվում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29):