«Արդար ընտրություններ» (ISFED) կազմակերպության գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն խոսել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում հայտնաբերված նոր խախտումների մասին և կենտրոնացել ընտրողների ակտիվության խնդրի վրա։
Ըստ Նինո Դոլիձեի, ԿԸՀ-ից պահանջված տեղեկատվության նախնական վերլուծությամբ պարզվել է, որ ընտրական տեղամասերի զգալի մասում տղամարդ և կին ընտրողների ակտիվության մակարդակների տարբերությունը շեղվում է նորմալ բաշխվածությունից և պարունակում է անբնական բնութագրեր։
Նա նշել է, որ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ որոշ տեղամասերում տղամարդկանց մասնակցությունը 100 տոկոսից ավելի է ցուցակում գրանցվածներից, ինչը վկայում է այդ տեղամասերում կատարված մանիպուլյացիաների մասին։
«Մենք ունենք 23 ընտրատեղամաս, որտեղ ընտրությանը մասնակցած տղամարդ ընտրողների թիվը մեծ է ընտրողների ցուցակում գրանցված տղամարդ ընտրողների թվից»,- ճեպազրույցում ասել է Նինո Դոլիձեն։