Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ անհանգստություն են հայտնել Վրաստանում առկա քաղաքական իրավիճակի կապակցությամբ, տեղեկացրել է Reuters-ը։
«Վայմարի եռանկյունու» երկրների ղեկավարները համատեղ հայտարարել են, որ չեն կարող աջակցել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին, քանի դեռ երկիրը բարեփոխումներ չի իրականացրել։
«Քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս ընթացքը և ցույց չի տալիս բարեփոխումների շոշափելի ջանքեր, մասնավորապես՝ չեղյալ համարելով եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող վերջին օրենքները, մենք չենք կարողանա աջակցել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների բացմանը», — ասված է հայտարարության մեջ։
Դրանից բացի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ԵՄ անդամ երկրների ղեկավարներին ուղարկված հրավերի նամակի համաձայն, Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը եվրոպացի առաջնորդները կքննարկեն «Վրաստանում ստեղծված իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո և հետագա ուղին»:
Նոյեմբերի 8-ին Բուդապեշտում կայանալիք Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը ԵՄ առաջնորդները կքննարկեն անդրատլանտյան հարաբերությունները և ՄԱԿ-ին աջակցության հարցը:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի կունենա Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովը, որին կմասնակցեն 47 պետություններ, այդ թվում՝ Վրաստանը. գագաթնաժողովին կմասնակցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն եվրոպական անվտանգության մարտահրավերները, Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, Մերձավոր Արևելքում ներկայիս էսկալացիան, անօրինական միգրացիան և համաշխարհային առևտուրը։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Եվրամիությունը խստորեն քննադատում է անդամակցության թեկնածու Վրաստանի կառավարության գործողությունները և կոչ անում վերադառնալ եվրոպական ուղի։