Վրաստանում նախընտրական փուլում, ընտրությունների օրը և հետընտրական փուլում մթնոլորտը լարված էր. լարվածության ֆոնին երկրում հայտայացության և այլատյացության ալիք էր հասունացել, այլատյացույթան ալիքի հասեցատերերը հիմնականում Վրաստանի էթնիկ փոքրամասնություններն էին:
Ընտրությունների օրը և հետընտրական փուլում այլատյացության ակտիվացման պատճառն ընտրության արդյունքներն էին: Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձաժողովի (ԿԸՀ) նախնական արդյունքներով` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տոկոսային առումով ամենաշատ ձայները ստացել էր հենց էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում. Ախալքալաքում՝ 87.792 տոկոս, Նինոծմինդայում՝ 88.191 տոկոս, Մառնուլիում՝ 79.601 տոկոս և այլն (տվյալներն ամբողջությամբ՝ 1-ին և 2-րդ հղմամբ):
Այս ամենին գումարվեց նախընտրական շրջանում արդեն իսկ հասունացած հայատյացության ալիքը, և ընտրությունների օրն ու դրան հաջորդած օրերին սոցցանցերում էթնիկ փոքրամասնություններին վիրավորող մի շարք հայտարարություններ ու գրառումներ տարածվեցին:
Այս ամենի հետ մեկտեղ, TV Pirveli հեռուստաընկերության «Նոդար Մելաձեի շաբաթ» հաղորդաշարի հետաքննող լրագրողներն ընտրություններից հետո այցել են Նինոծմինդայի գյուղեր, ներկայացել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ և պարզել, որ ընտրություններից առաջ գյուղացիներին 100-150 լարի են բաժանել՝ իշխող թիմի օգտին քվեարկելու համար: TV Pirveli-ի ռեպորտաժը միանշանակ չընդունվեց վրաց հասարակության շրջանում. ոմանք քննդատում էին բնակիչներին, ոմանք էլ` տեսնելով, թե սոցիալական ինչ պայմաններում են ապրում ռեպորտաժի հերոսները, պնդում էին՝ սոցիալական անապահով վիճակից դրդված և անգիտակցաբար են դիմել այդ քայլին:
Էթնիկ փոքրամասնությունների կողմից վրաց լեզվի չիմացությունը, վախի մթնոլորտը, սոցիալական վատ վիճակը, ահա սրանք էին այն պատճառները, որ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում «Վրացական երազանք»-ը կարողացավ տոկոսային առումով շատ ձայներ հավաքել, ինչն էլ դարձավ էթնիկ վրացիներից շատերի դժգոհության պատճառը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին փորձագետները:
Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ ընտրությունների արդյունքներն ու հնարավոր խախտումները կապված են նաև պետական քաղաքականության և ինտեգրացիոն ծրագրերի բացակայության, Վրաստանի խորհրդարանում, կառավարությունում, ինքնակառավարման մարմիններում և տարբեր ինստիտուտներում էթնիկ հայերի թերներկայացվածության հետ։
Նրա դիտարկմամբ՝ պետությունը պետք է պայքարի այդ խնդիրների վերացման համար, ոչ մի տեղ թույլ չտա հայատյացության դրսևորում և պետք է արձագանքի նմանատիպ դեպքերին։
«Ընդհանրապես, օտարազգիների նկատմամբ հակակրանք կա ամենուր, նույնիսկ՝ եվրոպական երկրներում. միշտ ինչ-որ բան կգտնեն միմյանց դեմ՝ պատմությունից մինչև մշակույթ, լեզվից մինչև խոհանոց։ Հակասեմիտիզմ կա ամենուր, հայատյացությունը ևս տարիներ շարունակ կա։ Հայ ժողովուրդը միշտ սերտ կապված է եղել և մասնակցել Վրաստանի պատմությանը։ Նա Վրաստանի ամենամեծաթիվ խմբերից է, և նրա լեզուն ու կրոնը տարբերում են նրան մեծամասնությունից: Որոշ մարդիկ, մշակույթի ու կրթության բացակայությունից օգտվելով, հայատյացությունն օգտագործում են տարբեր նպատակներով… Նախընտրական շրջանում բևեռացումն ու ատելության խոսքի կիրառումն ավելի են մեծանում, և դա կրկին վերաբերում է ամենամեծ ու հզոր խմբերին, ցավոք սրտի», — ասաց հանրային նախկին պաշտպանը:
Ընտրությունների շրջանում ատելության խոսքի հաճախակի դրսևորումների մասին ահազանգել են նաև Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ղեկավարները:
«Բազմազգ Վրաստան»-ի նախաձեռնած նիստի արդյունքում ստեղծված էթնիկ փոքրամասնությունների միասնական հաղորդագրության մեջ, որին միացել է նաև «Ալիք Մեդիա Վրաստան»-ը, նշվում է. «Մեզ մտահոգում են ընտրական շրջանում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես նաև հետընտրական շրջանում շարունակվող ատելության խոսքի հաճախակի դրսևորումները»:
Ընդգծվում են նաև հետընտրական շրջանում փոքրամասնություն կազմող մարզերում հիմնականում իշխող ուժին տրված ձայների շուրջ շահարկումները։ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են արել բոլոր քաղաքական դերակատարներին զերծ մնալ իրենց քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ էթնիկ հողի վրա վարկաբեկման փորձերից։ Քաղաքական սուբյեկտները, ինչպես նաև նրանց կողմնակիցներն ընտրությունների արդյունքները գնահատելիս պետք է ձեռնպահ մնան ընտրողների էթնիկ պատկանելության բացասական տարանջատումից: Կոչն ուղղված էր նաև լրատվամիջոցներին՝ զերծ մնալ ատելության խոսք պարունակող տերմինաբանության շրջանառությունից։
Այստեղ նկատենք նաև, որ Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը կամ Վրաստանի հանրային պաշտպանին կից հանդուրժողականության կենտրոնը վերոնշյալ դեպքերի առթիվ ոչ մի հայտարարություն չի տարածել:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է, որ նախընտրական շրջանում հայատյացության ալիքի հետևում կանգնած էր «Վրացական երազանք»-ը. նրանք ընդդիմադիր քաղաքական գործչին՝ Մամուկա Խազարաձեին վիրավորելու համար հայատյաց հայտարարություններ էին տարածում իշխանական մեդիաներով:
Թումասյանի խոսքով, հետընտրական շրջանում տեղի ունեցածն ավելի շատ դժգոհություն էր, քան հայատյացություն: Ըստ նրա՝ դժգոհությունը հիմնականում կեղծելու փաստերի հետ էր կապված, քանի որ էթնիկ հայերով և ադրբեջանցիներով խիտ բնակեցված վայրերում ընտրակեղծարարության դեպքերի թիվը շատ էր, ինչն էլ դժգոհության ալիքի հիմք էր դարձել:
«Էթնիկ փոքրամասնություններին հենց իշխնությունն է թիրախավորել իր այն որոշմամբ, որ այս շրջաններում կարող է ավելի լայնածավալ կեղծիքներ իրականացնել և, այդպիսով, բալանսավորել իր ձայները, որոնք իշխանությունը չուներ մեծ քաղաքներում: Դժգոհությունների հիմնական պատճառը ոչ թե էթնիկ փոքրամասնություններն էին, այլ այն, որ այդ շրջաններում կեղծված ձայները աննախադեպ մեծ աջակցություն էր «Վրացական երազանք»-ին»,- ասաց Թումասյանը:
Նշենք, որ POSTV-ն Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժներ էր հեռարձակել: Առաջին ռեպորտաժում POSTV-ի լրագրողը հայատյաց հարցադրումներ էր արել Խազարաձեին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել էր լրագրողը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Երկրորդ ռեպորտաժում ներառված անձինք ամեն կերպ փորձում են «բացահայտել» Խազարաձեի «հայկական» ծագումը և այս ամենին հասնելու համար հայատյաց հայտարարություններ են անում: Ռեպորտաժում Խազարաձեին անվանում են «խարդախ, ավանտյուրիստ և հայ»: