Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ:
Դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները բազմաթիվ ընտրատեղամասերում ստիպված էին աշխատել իրավունքների սահմանափակման, բռնության սպառնալիքների և վախի պայմաններում. նաև եղել են դեպքեր, երբ դիտորդները դարձել են ֆիզիկական բռնության և բանավոր սպառնալիքների թիրախ։
Կազմակերպությունները ներկայացրել են մի շարք խախտումներ, որոնք փաստում են, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն:
Եվ այս իրավիճակի մասին մինչ օրս Վրաստանի հանրային պաշտպանը գրեթե մեկնաբանություն չի արել:
Ըստ հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի՝ իրենք դիտորդական կազմակերպություն չեն և չեն դիտարկել ընտրությունները, հետևաբար՝ ընտրությունները լեգիտիմ են, թե ոչ, այդ հարցը հանրային պաշտպանը չի կարող քննարկել:
«Մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունը կարող է խոսել դրա մասին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` կարող է խոսել, ներկա գտնվողները կարող են, բայց հանրային պաշտպանը չի մասնակցել այս գործընթացին, քանի որ մենք մոնիտորինգային գործունեություն չենք իրականացնում»,- ասել է Իոսելիանին:
Այս մեկնաբանությանը հակառակ, Վրաստանի օրենսդրական տեղեկագրում գրված է, որ Վրաստանի հանրային պաշտպանը կարող է վերանայել հանրաքվեն ու ընտրությունները և այդ նորմերի հիման վրա անցկացված կամ կայանալիք ընտրությունները կարգավորող նորմերի սահմանադրականությունը։ Ըստ վերոնշյալ տեղեկագրի՝ հանրային պաշտպանն իրավունք ունի վերանայելու հանրաքվեն, եթե որևԷ նորմատիվ ակտ խախտում է մարդու իրավունքներն ու ազատությունը (ավելին կարող եք կարդալ այստեղ):
Ժողովրդավարության հետազոտական կենտրոնի տնօրեն, նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ հանրային պաշտպանի լիազորություններին: Նրա խոսքով` Հանրային պաշտպանն ունի ընտրությունների սահմանադրականությունը վերահսկելու իրավասություն, և դա գրված է նաև Սահմանադրության մեջ։ Այսինքն՝ նա կարող է «բանավիճել» նմանատիպ հարցերի շուրջ։
«Ինքս անձամբ պատրաստել եմ հատուկ զեկույց 2016 թվականի ընտրությունների վերաբերյալ, որտեղ խոսել ենք ընտրությունների ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին։ Քանի որ հանրային պաշտպանի լիազորությունների մասին օրենքը չի փոխվել, նշանակում է` եթե ես նման լիազորություններ ունեի, այլ օմբուդսմեններ ևս ունեն»,- ասաց Նանուաշվիլին:
Նախկին հանրային պաշտպանը նաև հավելեց՝ ընտրություններին մասնակցելու և դրա իրականացման իրավունքը հանրային պաշտպանի մանդատն է, և ցանկացած խախտման փաստ հանրային պաշտպանը պետք է քննի։
Նանուաշվիլին իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ պետական կառույցները կորցնում են իրենց անկախությունը և իշխանության համար հարմարավետ միջավայր են ստեղծում, մինչդեռ անկախ սահմանադրական մարմինների համար մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի գլխավոր առաջնահերթությունը, ոչ թե քաղաքական իրավիճակին հարմարվողականությունը:
Հավելենք նաև, որ Վրաստանի երրորդ հանրային պաշտպանը՝ Սոզար Սուբարին, ևս տարիներ առաջ իր պաշտոնավարման ընթացքում հետաքննություն էր սկսել ընտրությունների արդյունքների անհամապատասխանության վերաբերյալ: Նրա խոսքով` քննության արդյունքում ապացուցվեց, որ արդյունքները կեղծ են։
«Պայքարով ստացված արդյունքներ էին: Ի վերջո նշանակվեց քննություն և ապացուցվեց, որ նախորդ արդյունքներն ուղղակիորեն կեղծ էին։ Իսկ դրա համար արժեր պայքարել»,- ասել էր նախկին հանրային պաշտպանը:
Այս հարցին անդրադարձել են նաև այլ օգտատերեր և հասարակական գործիչներ:
Դոցենտ Գիորգի Բուրջանաձեն, որն աշխատել է «Վրաստանի բաց հասարակություն» հիմնադրամում, նաև ղեկավարել է մարդու իրավունքների ծրագիրը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` կրկին հիշեցնելով, որ օմբուդսմենն իրավասու է վերահսկելու ընտրությունների սահմանադրականությունը, և «դրա մասին տեղյակ չլինելը, թերևս, կոմպետենտ չլինելու հետևանք է»։
Նշենք նաև, որ նույնիսկ ծայրահեղ այլատյացության շրջանում, երբ հանրային պաշտպանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ խտրականությունն անթույլատրելի է, և Վրաստանի բոլոր քաղաքացիները հավասար են, այդպես էլ չէր անդրադարձել վերոնշյալ խնդրին առնչվող հստակ դեպքերի: