Վերաքննիչ դատարանի մոտ ոստիկաններ են կուտակվել

Թբիլիսիում Վերաքննիչ դատարանի շենքի մոտ մի քանի ավտոբուսներով և միկրոավտոբուսներով մոբիլիզացված են ոստիկանական ուժեր։

Ընդդիմադիրները փոխել են նոյեմբերի 5-ին հայտարարված հավաքի տեղն ու ժամը և, ժամը 14:00-ին Սպորտի պալատում նախատեսված բողոքի ցույցի փոխարեն, ցույցը կանցկացվի ժամը 15:00-ին` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ։

«Հարկավոր է այսօր՝ ժամը 3-ին, գնալ Թբիլիսիի վերաքննիչ դատարան և պահանջել արդար դատավարություն ամենուր»,- գրել է «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման առաջնորդներից Նիկա Մելիան։

Ավելի ուշ «Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան լրատվամիջոցներին տեղեկացրել էր` ժամը 15:00-ին նշանակված իրենց դատն անորոշ ժամանակով հետաձգվել է։

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են` չնայած դատավարության հետաձգմանը, ընդդիմությունը, այնուամենայնիվ, ժամը 15:00-ին բողոքի ակցիա կանցկացնի Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ։