«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ», ՄԱՍ 9-րդ

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 9-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1915 թվականի օգոստոս ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:  

Ժողովրդական թերթիկ 1915/08/8 #352
Հայերի բռնի տեղահանումը

Մարդը պետք է նմանվի վայրի գազանի, որ աչք փակի այս արհավիրքի վրա: Գրիչս չի կարող նկարագրել հոգեվիճակս՝ հուլիսի 11-ին Վանում, Բայազետում տեղի ունեցած իրադարձություններին ականատես լինելուց հետո: Սակայն, կփորձեմ ներկայացնել ամբողջ իրողությունը:

Հուլիսի 11-ից ռուսական զորքը հետ քաշվեց Մուշ-Մանազկերտ-Բիթլիսից: Հայերը հետևել են զորքին` մոտ 200 հազար հայ միայն Վանի վիլայեթից: Հայերը փախչում են ընտանիքներով` իրենց հետ տանելով ձիերին ու մնացած կենդանիներին: Շատերը չեն կարողացել տանել ունեցվածքը, քայլում է ոտաբոբիկ, սոված ու ծարավ: Իգդիրից Վան ընկած ողջ ճանապարհը լի է նման մարդկանցով: Ովքեր կարողացել են՝ փրկվել են, կառքերով շարժվել դեպի Իգդիր: Տեսել ե՞ք, երբ պատահական անցորդը 6 մղոն հեռավորության վրա 2 կին տեղափոխի, 2 նորածին երեխայի հետ:

Մեր շրջիկ դաշտային հիվանդանոցը լի է կույր, կաղ, նորածին երեխաներով: Երեկ չէ նախորդ օրը մի մայր էր գալիս 4 երեխաների հետ, որոնցից ամենամեծն ընդամենը 7 տարեկան էր, Վանից կամ Արճեշից 200 մղոն ճանապարհ էր անցել: Երեխաները լալիս էին, մայրը` սարսափելի տեսք ուներ, մազերը գզգզված, բերանը բաց և չոր, արցունքները հոսում էին, կաղում էր: Մոտեցավ մեր սպիտակ վրաններին, հիվանդին նստեցրեց հողի վրա, անձայն լալիս էր, այդպես առանց ձայն բարձրացնելու էլ համբուրեց երեխային և առաջ շարժվեց:

Ճանապարհներին անտեր մնացած երեխաները շատ են, որոնց միայն մի մասն է կենդանի: Միայն տողերիս հեղինակը 6-7 աղջնակի է իր հետ տարել: Մեկի հարազատը գտնվել է, մնացածը՝ մոտս են: Գրեթե բոլոր լքված երեխաներն աղջիկներ են: Բանակը հնարավորությունների սահմաններում օգնություն է ցուցաբերում․ չեք տեսնի մի զինվորի, ում կողքը երեխա նստած չլինի: Մոտավոր կարող ենք ասել` 200 հազար մարդ կա և ո՞վ կարող է այդքանին կերակրել, պահել, ապահովել ջրով, այդ պատճառով էլ, թույլերը ճանապարհին զոհվում են:

Վրաստան 1915/08/8 #64
Սոֆիա. Օգոստոսի 4
Բուլղարիայում բնակվող հայերը կոչով դիմել են բուլղարացիներին, որով բարձրաձայնում են հայերի տանջանքների մասին: Փախստականների անվերջ շարանը շարժվում է դեպի Ռուսաստանի սահման, որպեսզի փրկվի մահից ու բանտից: Օսմանցիները որոշել են հայերին ջնջել իրենց իսկ հայրենիքում: Նաև որոշել են 10 հազար հայի Ստամբուլից տեղահանել Փոքր Ասիա, ինչի հետևանքով, մեծ քանակությամբ հայեր փախչում են Բուլղարիա: Հայերը կոչ են անում Բուլղարիայի կառավարությանը` ներգրավվել այս գործընթացին, քանի որ օսմանցիները վախենում են նրանցից: Բուլղարիան, միայն բողոքելով կարող է վերջ դնել հայերի կոտորածին: Այսօր հայերը, որպես սգո նշան, Սոֆիայում փակել են խանութները:

Վրաստան 1915/08/10 #65
Էջմիածին
Այստեղ արդեն 50 հազար փախստական կա և նրանց հոսքն առայժմ շարունակվում է: Քաղաքում և ճանապարհին փախստականների վիճակն աննկարագրելի է: Մարդիկ մեղուների նման զոհվում են սովից, թուլությունից և հիվանդությունից: Հաց չկա: Բժշկական օգնություն ցուցաբերելու համար բժիշկներ չկան: Զոհվածների դիակներն անտեր գցված են: Հայ հասարակությունն անամոթաբար անգործության է մատնված: Կոչ ենք անում բոլորիդ, ում մեջ մարդասիրության գոնե կաթիլ է մնացել, գալ Էջմիածին և օգնություն ցուցաբերել մեր բազմաչարչար ժողովրդին: Անհրաժեշտ է աշխատուժ, բժիշկներ, ֆելդշերներ, բուժքույրեր, սանիտարներ, գյուղատնտեսներ, ովքեր ծանոթ են Կովկասի կլիմայական և արտադրական պայմաններին և օսմանյան հայերին: Անհրաժեշտ է յուրաքանչյուր մտավորականի աշխատուժը, որպեսզի փրկենք փախստականներին այս ծանր կացությունից: Եկեք տասնյակ, հարյուրավոր մարդկանցով, մի սպասեք հրավերի:

Թբիլիսի
Հայ փախստականների համար տարբեր տեղերից գումար են ուղարկում և բարեգործություն անում:

Հայերի սոցիալիստական կուսակցության (Հնչակյան) կենտրոնական հանձնախմբի անդամ Վարազդատը «Ցումանիտե» թերթում գրում է օսմանյան այս պատերզմի ժամանակ հայերի վերապրած հետապնդումների մասին: Երիտ թուրքերի կուսակցության անդամները որոշել են մահապատժի ենթարկել 20 անմեղ հայ սոցիալիստի՝ մեղադրելով նրանց անկախ Հայաստանի համար գումար հավաքելու մեջ: Բազմաթիվ հայ մտավորականների տեղահանել են Կոնյա, որտեղ նրանց սպասում է Կավակլի Մուստաֆայի ճակատագիրը: Օսմանացիների տեղեկացմամբ, տեղահանվածները ինքնասպանություն են գործել:

Օսմանյան Հայաստանում կրկնվել է 1894-96 թվականների հայերի կոտորածը: Բիթլիսի շրջանում կոտորվել, կամ` Տիգրիս գետն է նետվել 9 հազար մարդ: 40 հազարը մահացել է Կիլիկիայում: Որոշ շրջաններից մարդիկ ընդհանրապես ապաստան են գտել անապատներում: Այս վարքագծի պատճառը, Վարազդատի խոսքերով, հայերից վախենալն ու հեղափոխությունը կանխելն է: Այս մարտավարությունը երիտթուրքերն ընդունել են խալիֆ Գյաջի Գիլեշի հրամանով, ով մահմեդականների պաշտպանն է և ցանկանում է Օսմանյան կայսրություն` առանց հայերի:

Հայերի միջև. Օսմանյան կայսրություն
«Արև» հայկական թերթին Ստամբուլից տեղեկացնում են. Սոֆիայից 6 մարդուց բաղկացած ամերիկյան միսիոներների խումբ է եկել, ովքեր օգնելու են հայ փախստականներին: Օսմանյան կառավարությունը չի թույլատրել կյանքի կոչել այս առաքելությունը և նրանք այդ լուրը հեռագրով փոխանցել են Միացյալ Նահանգների նախագահին:

Այս ամենից առաջ Նիկոմիդիայում խուզարկումներ են եղել: Պարտիզակում կառավարության գործակալները տներից մեկում հայտնաբերել են 80 հայից կազմված համաժողով: Նրանց բոլորին տեղում ծեծելով սպանել են: Նիկոմիդիայում հայերին կոտորում են չերքեզները: 50 դաշնակցական ուղարկվել է Հալեպ: Ամերիկացիների առաքելությունը խոսում է օսմանցիների կոտորած հայերի թվի մասին:

Էրզրումցի վաճառական Ազարյանցին օսմանները տանջել են և ստիպել ստորագրել այն մեղադրանքի տակ, որով ապացուցվում է, որ Խոժակը, Ակնունին, Զարդարյանը և այլոք նրան հանձնարարել են զենք բերել հայերի համար:

Վրաստան 1915/08/11 #66

Հայերի կոտորածը
Օսմանցիները Կիլիկիայում մոտ 40 հազար հայ են սպանել: Վանի գլխավոր եպիսկոպոսը հեռագրով դիմել է Լոնդոնում գործող հայերի հանձնաժողովին. «Ոչնչացված է գրեթե ամբողջ Հայաստանը, մեկ առ մեկ սպանել են կանանց, տղամարդկանց և երեխաներին: Մոտ 20 հազար հայ դարձել է սովի և համաճարակի անմեղ զոհը:

Ժողովրդական թերթիկ 1915/08/13 #356

Русское слово-ն գրում է Վանի ժամանակավոր դատարկման մասին. Վանում հուլիսի 17-ին Արամի գլխավորությամբ լայնամասշտաբ ցույց է տեղի ունեցել, որտեղ խոսվել է Վանի ծանր իրավիճակի և իրենց սպառնացող վտանգների մասին: Արամը կոչ է արել հանգիստ և խաղաղ մնալ, երեխաներին ու կանանց անհապաղ դուրս հանել քաղաքից: Ցույցի ժամանակ որոշվել է կանանց և երեխաներին ուղարկել Կովկաս: 18-ից 46 տարեկան տղամարդիկ պետք է մնային քաղաքում և զինվեին ու անցնեին պաշտպանության գործին: Ցույցի ժամանակ հանձնաժողով է ձևավորվել, որն անհապաղ կզբաղվի որոշումների իրականացմամբ: Հուլիսի 18-ին օսմանցիները սկսել են հարձակվել: Իրավիճակը փոխվել է: Արամը բնակիչներին կոչ է արել. «Բոլորդ պետք է դուրս գաք քաղաքից և 3 օրում պետք է հասնեք Բեգրիկոլ»:

Խառնաշփոթ է սկսվել: Սարսափած ժողովուրդը ոտքով ուղևորվել է դեպի հյուսիս՝ իրենց ունեցվածքն անտեր թողնելով, իսկ ոմանք նույնիսկ հրդեհել են սեփական տները: Այրվել է միակ փրկված հիանալի թաղամասը` Հայաստանը:

Երբ փախստականները շարժվել են դեպի Կովկաս, ճանապարհին քրդերի կողմից երկու անգամ հարձակման են ենթարկվել: Քրդերը սպանել են 60 փախստականի, խառնաշփոթի ժամանակ մահացել են շատ երեխաներ, սատկել մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ: Երբ օսմանցիները գրավել են Արճեշը՝ կտրելով փախստականների ճանապարհը, մարդիկ ուղևորվել են Ադրբեջան: Իգդիր են գնացել 100 հազարից ոչ պակաս մարդ, Կղագիզմա` մի քանի տասնյակ հազար, իսկ Պարսկաստան` 20 հազար փախստական: Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների քրիստոնյա բնակչությունն ամբողջովին տեղափոխվել է Ռուսաստան:

Վրաստան 1915/08/18 #71
Սոլուն. Օգոստոսի 15

Հայոց պատրիարքը հանդիպել է շեյխ Ալ Իսլամին և խնդրել դադարեցնել հայերի հետապնդումը: Հանդիպումն անարդյունք է ավարտվել:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Թողնել պատասխան