Ընտրությունները՝ «զանգերի կենտրոնի» միջոցով. TV Pirveli

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրություններն անցկացրել է յուրաքանչյուր ընտրատեղամասին կցված «զանգերի կենտրոնի» միջոցով: Այս մասին պարզել է TV Pirveli հեռուստաընկերության լրագրողական հետաքննությունը:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ին ընտրություններից օրեր առաջ տեղեկություն էր հասել նման «զանգերի կենտրոնների» գոյության, նրանց աշխատանքի բնույթի մասին, սակայն տեղեկությունը դեռևս ոչ լիարժեք էր: «Ալիք Մեդիա Վրաստան»-ի ունեցած տեղեկություններով՝ WhatsApp-ում բացվել էր հատուկ խումբ, որտեղից էլ հրահանգներ են ստացել «զանգերի կենտրոններում» աշխատանքի ընդունված երիտասարդները, իսկ ընտրությունների օրվա համար ընտրատեղամասերին մոտ տներ պետք է վարձեին՝ այնտեղից կատարելով առաջադրանքը:

TV Pirveli-ի «Նոդար Մելաձեի շաբաթ»-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք»-ի զանգերի կենտրոնները տեղակայված են եղել ընտրատեղամասերի մոտ, այդ թվում՝ Չուղուրեթիի հանրակրթական դպրոցի տնօրենի աշխատասենյակում, ինչպես նաև անվճար ճաշարանում։

Տեղեկությունը հիմնված է «Վրացական երազանք»-ից արտահոսած գրառումների և փաստաթղթերի վրա, յուրաքանչյուր նման «զանգերի կենտրոն» ղեկավարել է «կապիտան» կոչվող մեկ մարդ։ Յուրաքանչյուր «զանգերի կենտրոնում» աշխատել է առնվազն 4 մարդ, այդ թվում՝ կուսակցության կողմից նշանակված կապիտան, համակարգչային օպերատոր և հեռախոսային երկու օպերատոր:

Նշվում է, որ սխեման աշխատել է հետևյալ կերպ.

  • «Վրացական երազանքը», հավանաբար՝ համարակալել է երկրում ընտրելու իրավունք ունեցող բոլոր չափահաս քաղաքացիներին ու նրանց հատկացրել եզակի ծածկագիր։ Յուրաքանչյուր քաղաքացու ձայնը ստանալու կամ շահելու համար նրանց համար ընտրվել են վստահելի մարդիկ։
  • Պատասխանատու անձը պարտավոր էր ամեն գնով այնպես անել, որ քաղաքացին քվեարկի «Վրացական երազանքի» օգտին։
  • «Վրացական երազանք»-ը, այսպես կոչված՝ կապիտաններին տվել է ընտրողների ցուցակ։ Այդ ցուցակում նշված է եղել պատասխանատու անձ, որը երաշխավորել է, որ ցուցակում հայտնված քաղաքացին անպայման ձայն է տալու իշխող կուսակցությանը։
  • Այսպես կոչված՝ պատասխանատուն ստուգել է «Վրացական երազանքի» ընտրողի ժամանումը տեղամասեր՝ ըստ նախապես կազմված ցուցակի: Այն դեպքում, երբ ինչ-որ մեկը կոնկրետ ժամանակահատվածում չի եկել ընտրատեղամաս, այդ տեղեկությունը տրամադրվել է նաև «զանգերի կենտրոնին», որտեղից էլ պետք է կապ հաստատեին ընտրության չժամանած քաղաքացու հետ՝ պարտադրելու մասնակցել ընտրություններին, քվեարկել իշխող կուսակցության օգտին:

Ըստ նույն տեղեկության, «զանգերի կենտրոնի» համար հատուկ հարթակ է ստեղծվել: Անվտանգությունից ելնելով՝ կուսակցության «կապիտանը» այս հարթակ մուտք գործելու համար «զանգերի կենտրոնի» կայքում պետք է մուտքագրեր անձնական համարը, այնուհետև SMS կոդ է ուղարկվել նրանց բջջային հեռախոսին, որն ակտիվ է եղել ընդամենը 30 վայրկյան: Ծրագրում ընդգրկված «զանգերի կենտրոնի» օպերատորը մուտքագրել է ընտրություններին եկած և 41 համարին, այսինքն՝ «Վրացական երազանքին», կողմ քվեարկած քաղաքացիների տվյալները։