Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP) հայտարարություն է տարածում հոկտեմբերի 26-ի ընտրությունների և արդյունքների վերաբերյալ։ EPP-ն գործընկերներին կոչ է անում ներգրավվել տեղական և միջազգային դիտորդների կողմից հայտնաբերված խախտումների հետաքննությանը:
EPP-ն նշել է՝ հոկտեմբերի 26-ին վրաց ժողովուրդը հերթական անգամ զրկվեց իր հիմնարար ազատությունից և ազատ ու արդար ընտրություններում սեփական ապագան ընտրելու իրավունքից։
«Բռնության, ճնշումների, ահաբեկման, ձայների կաշառքի, վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրական մանիպուլյացիաների միջոցով «Վրացական երազանք»-ի իշխանությունն էլ ավելի հեռացրեց երկիրը ժողովրդավարական արժեքներից, օրենքի գերակայությունից և եվրաինտեգրման հեռանկարից, որին ձգտում է վրաց ժողովուրդը»,- ասված է X-ում տարածած հայտարարության մեջ։
Նշվում է՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կանգնած է վրաց ժողովրդի արդար պահանջի կողքին՝ արագորեն լուծելու ընտրությունների անցկացման և արդյունքների վերաբերյալ նրա օրինական մտահոգությունները։
«Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում ներգրավվել տեղական և միջազգային վստահելի դիտորդների հայտնաբերած խախտումների հետաքննությանը: Վրաց ժողովուրդն արժանի է լինելու Եվրոպայի ազատ, ժողովրդավարական ժողովուրդների կողքին, և ոչ ոք չպետք է խլի նրա եվրոպական ապագան»,- ասված է հայտարարության մեջ։