Կիևը Վրաստանին կոչ է անում «չգնալ բելառուսական ճանապարհով»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում վրացական իշխանություններին «չգնալ ինքնիշխանությունն ու անկախությունը կորցնելու բելառուսական ճանապարհով»։

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տարածած հայտարարությամբ Կիևը սատարում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության «բազմաթիվ խախտումների» վերաբերյալ զեկույցին։

«Զարմանալի չէ, որ ընտրությունների արդյունքները մեծապես գնահատվեցին Ռուսաստանում, քանի որ կամարտահայտման արդյունքների վրա ազդելու նման մեթոդները բնորոշ են ռուսական ռեժիմին։ Ընդ որում, դրանք չեն համապատասխանում իշխանությունների հռչակած Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ուղուն։

Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին չգնալ ինքնիշխանությունն ու անկախությունը կորցնելու բելառուսական ճանապարհով», — ասված է հայտարարությունում։

Ընդգծվում է նաև՝ Ուկրաինան ցանկացած պարագայում կաջակցի վրաց ժողովրդի ձգտմանը՝ շարունակելու ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ռազմավարական կուրսը։