Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ, այժմ «Ատլանտյան խորհրդի» գիտաշխատող Դանիել Ֆրիդը նշում է, որ ԱՄՆ-ն դեռ վերջնական հայտարարություն չի արել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Ես պետքարտուղարի հայտարարությունն անվանել եմ «միջանկյալ հայտարարություն»։ Նա վերջնական դիրքորոշում չհայտնեց ընտրությունների որակի վերաբերյալ, ապավինեց դիտորդների, առաջին հերթին ԵԱՀԿ/ԺՀԻԳ-ի և այլ միջազգային դիտորդների զեկույցներին։ Ընտրությունները չեն գնահատվել ազատ և արդար. համենայնդեպս, Բլինքենը դեռ նման հայտարարություն չի արել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է Ֆրիդը՝ հավելելով, որ դա յուրօրինակ նախազգուշացում է կառավարությանը։
Ըստ նրա՝ վրացական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այս ընտրությունների հետ կապված խնդիրները շտկելու համար։ Վստահելի exit poll-երը ցույց են տվել, որ ընդդիմությունն ուներ հավաքական մեծամասնություն, իսկ «Երազանքը»՝ փոքրամասնություն։
«Ելնելով վերջերս կառավարության ձեռնարկած քայլերից՝ դժվար է որևէ այլ եզրակացություն անել, քան այն, որ սա իշխանության կողմից ընտրությունները «գողանալու» փորձ է»,- ասել է Ֆրիդը։