Շվեյցարական բանկը Իվանիշվիլիին կվճարի 282 մլն դոլար պակաս

Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է ստանա շվեյցարական բանկից՝ որպես վնասի փոխհատուցում։

Ըստ Bloomberg-ի՝ շվեյցարական UBS խումբը միլիարդատեր գործարար  Իվանիշվիլիին պետք է վճարի Սինգապուրի դատարանի ի սկզբանե պարտադրածից 282 միլիոն դոլար պակաս։

Սրա մասին հայտնի է դարձել նաև UBS խմբի հայտարարությունից։

Սինգապուրի դատարանի նախնական որոշմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը շվեյցարական բանկից պետք է ստանար 743 մլն դոլար։ Այժմ այդ գումարը նվազել է՝ հասնելով 461 մլն դոլարի։

Իվանիշվիլին այս թեմայով խոսել է հոկտեմբերի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։ Նրա խոսքով, փոխհատուցման չափը պետք է որոշվեր երկու կողմերի փորձագետների ներգրավմամբ, ինչը երկու ժամվա հարց էր, թեև Credit Suisse-ի փորձագետն այս գործով երկու ամիս է ծախսել, և սեպտեմբերի 30-ին դատարանը վերջապես վճիռ է կայացրել։

Նշենք, որ Իվանիշվիլին «գողացված փողերի վերադարձի համար» վեճը սկսել է 2016 թվականին։ 2015 թվականին պարզվել էր, որ Իվանիշվիլիի անձնական բանկիր Պատրիս Լեսկոդերոնը գողանում էր շվեյցարական Credit Suisse բանկում ավանդադրված գումարը։

Լեսկոդերոնը, որ 2018 թվականին դատապարտվել էր խարդախության համար և ազատ էր արձակվել երկու տարվա նախնական կալանքից հետո, ինքնասպան է եղել 2020 թվականին։

Ֆինանսական խնդիրների, այդ թվում՝ Իվանիշվիլիի հետ շարունակվող վեճերի պատճառով 2023 թվականին Credit Suisse-ը գնեց Շվեյցարիայի խոշորագույն բանկը՝ UBS-ը։ Այժմ նրանք շարունակում են վեճը Իվանիշվիլիի հետ։

Ամենահարուստ վրացին շահել է Credit Suisse-ի դատը և՛ Բերմուդյան կղզիների դատարանում, և՛ Սինգապուրում։ 2022 թվականին Բերմուդյան դատարանը Credit Suisse դուստր ընկերությանը պարտավորեցրել է վճարել Իվանիշվիլիին 607 միլիոն դոլար, իսկ 2023 թվականի մայիսին Սինգապուրի դատարանը շվեյցարական բանկի տեղական ներկայացուցիչներին պարտավորեցրել է ևս 743 միլիոն դոլար վճարել Իվանիշվիլիին։

Չնայած դատական ​​վեճերում տարած հաղթանակին, Իվանիշվիլին դեռ չի ստացել իրեն հասանելիք գումարը։ Վրաստանի բարձրաստիճան իշխանավորները հաճախ այս փաստը կապում են իրենց հորինած «գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։