Վրաստանի դատախազության տվյալներով՝ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 47 քրեական գործով քննություն է տարվում տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ դատախազությունում, ներքին գործերի նախարարութունում (ՆԳՆ), Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ)։
Դատախազությունը նաև հայտնել է, որ հրապարակայնորեն արտահայտվող այն անձինք, որ պնդում են, թե տեղեկություններ և ապացույցներ ունեն ընտրությունների ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին, չեն համագործակցում հետաքննության հետ և հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել։
Դատախազությունը թվարկել է ենթադրյալ խախտումների այն կատեգորիաները, որոնց նկատմամբ հարուցվել է 47 քրեական գործ։
«Ընտրակեղծարարություն, ազդեցություն ընտրողի կամքի վրա, քվեարկության գաղտնիության խախտում, ընտրակաշառք, լրագրողական գործունեության խոչընդոտում, բռնություն և սպառնալիք, ընտրական հանձնաժողովի տեղում կամ նախընտրական քարոզչության ժամանակ գույքի վնասում և ոչնչացում»,- հայտնել են դատախազությունից:
Հետաքննություններն սկսվել են ընդդիմադիր և իշխող կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների դիմումների և լրատվամիջոցների տարածած տեղեկության հիման վրա։
Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մտադիր չեն համագործակցել քննչական մարմինների հետ, քանի որ չեն վստահում նրանց։ Օրինակ, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան ասել է, որ չի պատրաստվում համագործակցել «Իվանիշվիլիի գրպանի դատախազության հետ, որը Վրաստանի ժողովրդի դեմ ռուսական հատուկ գործողության մասնակից է, որտեղ ընտրություններն ու Եվրոպական ապագան գողացել են ժողովրդից»:
ՆԳՆ-ն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղեկություն է տարածել Մառնեուլիի քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռովշան Իսկանդարովի ու ևս մեկ անձի ձերբակալության մասին։ Նրանք մեղադրվում են օրենքի խախտմամբ քվեատուփում լցոնում անելու համար։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով՝ հարցաքննության կանչելով նախագահ Զուրաբիշվիլիին։
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանի նախագահը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն «անհիմն մեղադրանքներով հարձակվում են ԿԸՀ-ի վրա, վնասում ԿԸՀ-ի հեղինակությանը»։
Հայտարարության մեջ ԿԸՀ-ն դատախազությանը հանձնարարել է «պարզել հանգամանքները, արդյոք նախագահի և քաղաքական գործիչների հայտարարությունները համապատասխանում են իրականությանը», սկսել և իրականացնել հետաքննություն։