Վաշինգտոնը Թբիլիսիի հարցով խորհրդակցում է Բրյուսելի հետ

Վրաստանի ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետաքննության հարցով ԱՄՆ-ը խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության հետ, հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:

Միլլերն ասել է՝ Միացյալ Նահանգները պահանջում է հետաքննել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները և այդ հարցով խորհրդակցում է իր դաշնակիցների հետ։

Միաժամանակ նա նշել է. «Մեր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ դեռ ենթակա են վերանայման։ Մենք կասեցրել ենք 95 միլիոն դոլարի օգնությունը։ Մենք ցանկանում ենք, որ մարդկանց հիմնարար ազատությունները պաշտպանված լինեն՝ բողոքելու ազատությունը, իրենց արտահայտվելու իրավունքը ոչ մի կերպ չոտնահարվի»:

Միլլերը կրկնել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննել ընտրություններում տեղի ունեցած բոլոր խախտումները։

Հիշեցնենք. երեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում Ջո Բայդենը խոսել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք, ըստ նրա, տուժել են վարչական ռեսուրսի կիրառմամբ, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելով և պարտադրելով։

«Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները տուժել են վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրողներին ահաբեկելու և հարկադրանքի բազմաթիվ միջադեպերով։ Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտելու իրենց կարծիքն այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք միջազգային և տեղական անկախ կազմակերպությունները չեն հայտարարել ազատ ու արդար»,- գրել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը կոչ է արել վրացական իշխանություններին թափանցիկ հետաքննել բոլոր ընտրախախտումները, հետ կանչել հակաժողովրդավարական օրենքները: