Հետընտրական Վրաստանում քաղաքական կրքերը չեն հանդարտվում. «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրությունների արդյունքները «գողանալու» պատճառով միջազգային հանրությունը մեկուսացնում է Վրաստանին: Արևմտյան գործընկերներն, ի դեմս Վաշինգտոնի ու Բրյուսելի, ընտրախախտումներն անաչառ հետաքննելու կոչ են անում:
Ռուսաստանն ու Վենեսուելան, մյուս կողմից, համարում են, որ «Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա»։
Սրան զուգահեռ, հոկտեմբերի 29-ի դրությամբ, «Վրացական երազանք»-ի կառավարությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ընդամենը հինգ երկիր, որոնցից երեքը հարևաններ են՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է երկրների շնորհավորանքները՝ ըստ ժամանակագրության և համառոտ վերլուծությամբ:
Հունգարիա. Օրբանը շտապեց
Եվ այսպես, առաջին երկիրը Հունգարիան է ի դեմս երկրի առաջին դեմքի՝ վարչապետ Վիկտոր Օրբանի: Օրբանն անգամ չսպասեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական արդյունքի հրապարակմանը: Հենվելով իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության համար exit poll անցկացրած Gorbi-ի տվյալներին, ըստ որոնց՝ իշխող թիմը հավաքել էր 56,1 տոկոս, Օրբանը շտապեց շնորհավորել Վրաստանի կառավարությանը:
Օրբանի շնորհավորական տեքստի հրապարակման պահին՝ հոկտեմբերի 26-ի 20:40-ի դրությամբ, ընտրությունների պաշտոնական արդյունքի մասին տեղեկություն ԿԸՀ-ն դեռ չէր հայտնել:
Ավելին, հոկտեմբերի 28-29-ին Օրբանը ժամանեց Վրաստան. ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ի հաղթանակը «լեգիտիմացնելու» և ասելու, թե «Վրացական երազանք»-ը ԵՄ-ի աջակցությունն ունի: Բրյուսելը, սակայն, ի դեմս ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, պաշտոնապես հայտարարեց. «Ինչ էլ ասի Օրբանը Վրաստան այցի ժամանակ, նա չի ներկայացնում Եվրամիությունը»:
Ադրբեջան. Ալիևը Կոբախիձեին հրավիրեց Բաքու
Երկրորդ երկիրն Ադրբեջանն է: «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ վարչապետ Իրակլի Կոխաբիձեին շնորհավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևը Կոխաբիձեին պաշտոնական այցով հրավիրեց Ադրբեջան՝ շարունակելու քաղաքական երկխոսությունը։
Ուշագրավ է, որ ըստ Վրաստանի ԿԸՀ կայքում հրապարակած նախնական տվյալների՝ արտերկրում բացված ընտրատեղամասերի առումով Բաքվում բացված ընտրատեղամասերում «Վրացական երազանք»-ը լավագույն արդյունքն ունի՝ 96,58 տոկոս։ Բաքվում բացվել էր 2 ընտրատեղամաս:
Հայաստան. Փաշինյանը «տպավորիչ» որակեց «Վրացական երազանք»-ի հաղթանակը
Երրորդ երկիրը Հայաստանն է: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում գրել էր. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը»։
Փաշինյանի օգտագործած «տպավորիչ» բառը Վրաստանում միանշանակ չընդունվեց:
Թուրքիա. Էրդողանն ընտրութունները համարեց «վրաց ժողովրդի կամքի բացահայտում»
Չորրորդը Թուրքիան է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնահատմամբ՝ «վրաց ժողովրդի կամքը բացահայտած ընտրություններն անցել են խաղաղ ու անվտանգ միջավայրում»։
«Հուսով եմ, ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին և մեր տարածաշրջանին։ Լավ է, որ ընտրությունները, որոնք բացահայտեցին վրաց ժողովրդի կամքը, անցան խաղաղ ու անվտանգ միջավայրում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ մաղթել Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն», — նշել է Թուրքիայի նախագահը։
Չինաստան. Չինաստանը միշտ հարգել է վրաց ժողովրդի ընտրությունը
Հինգերորդը Չինաստանն էր: Չինաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Լին Ձյանը հայտարարեց. «Չինաստանը միշտ հարգել է վրաց ժողովրդի ընտրությունը և անկեղծորեն ցանկանում է, որ Վրաստանը լինի կայուն և բարգավաճ։ Չինաստանը պատրաստ է աշխատել բոլոր կողմերի հետ՝ խթանելու Չինաստան-Վրաստան հարաբերությունների շարունակական զարգացումը»:
Հայաստանը շտապեց, ինչի պատճառով էլ անհարմար իրավիճակում է. Գիորգի Թումասյան
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ միջազգային հանրությունը և ժողովրդավարական երկրները, բացի Հայաստանից, չեն ճանաչել Վրաստանի ընտրությունները:
Թումասյանը նշեց, իհարկե՝ հասկանալի է Վրաստանի երեք հարևանների շնորհավորանքը և մոտեցումը, բայց միաժամանակ, իր դիտարկմամբ՝ ժողովրդավար հարևանի (նկատի ունի Հայաստանի — հեղ.) և բռնապետ հարևանների (նկատի ունի Ադրբեջանին և Թուրքիային — հեղ.) միջև տարբերություն պետք է լիներ:
«Փաշինյանը չպետք է օգտագործեր «տպավորիչ» բառը, քանի որ հաղթանակ չկա, առավելևս՝ «տպավորիչ». կա ընտրությունների տպավորիչ կեղծման գործընթաց, որի մասին խոսում է ամբողջ միջազգային հանրությունը:
Պետք էր սպասել` կիրակին անցներ, պետք էր սպասել Վաշինգտոնի և Բրյուսելի հայտարարություններին, և դրանից հետո, եթե անգամ Հայաստանը ստիպված էր շնորհավորել, ապա` այդ ամենը հաշվի առնելով։ Հաստատ չպետք է օգտագործեր «տպավորիչ» բառը: Հայաստանը շտապեց, որի պատճառով էլ անհարմար իրավիճակում է»,- ասաց Թումասյանը:
Թումասյանը համակարծիք է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր ուժերի կարծիքին, որ երկրում տեղի է ունեցել «ռուսական հատուկ օպերացիա»: Ըստ Թումասյանի` նպատակը Վրաստանին ռուսական ավտորիտար ճամբար վերադարձնելն է:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:
Չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվել են խորհրդարանական մանդատներից:
Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:
Միջազգային հանրության, արևմտյան գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։
Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։