Ռուսամետ ու հոմոֆոբ տրամադրություններով հայտնի «Ալտ-Ինֆո» հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը։ Դրա մասին հեռուստաալիքի հիմնադիրները հայտնել են վերջին հեռարձակման ժամանակ։
«Քանի որ մեր ակնկալած արդյունքը չստացվեց, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մենք չենք կարող շարունակել»,- ասել է Շոթա Մարտինենկոն՝ խոսելով 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների և ապագա ծրագրերի մասին։
Նրա թիմակից Գիորգի Քարդավան վերջին հաղորդման ժամանակ ասել էր, որ դեռ չգիտեն, թե ինչպես են շարունակելու քաղաքական ու տեղեկատվական պայքարը։
«Ալտ-Ինֆո»-ի ղեկավարներն իրենց որոշումը բացատրել են ընտրություններում ձեռք բերված ցածր արդյունքներով։ «Ալտ-Ինֆո» կուսակցությունը «Հայրենասերների դաշինք»-ի հետ մասնակցել է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նրանք չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ է խորհրդարան մտնելու համար։
Ավելի վաղ՝ ընտրություններից 40 օր առաջ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել «Ալտ-Ինֆո»-ի երկու հիմնադրի՝ Կոնստանտին Մորգոշիայի և Զուրաբ Մախարաձեի նկատմամբ։
«Ալտ-Ինֆո» հեռուստաալիքը հիմնադրել են հոմոֆոբ և ռուսամետ քաղաքական «Պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդները։ Այդ հեռուստաալիքին ֆինանսավորում է առաջնորդներից մեկի՝ Կոկա Մորգոշիայի հորաքույրը: Թբիլիսիում այս խմբի կազմակերպած մի շարք ակցիաներ ավարտվել են բռնություններով։
Օրինակ՝ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ պետք է անցկացվեր Tbilisi Pride-ի կազմակերպած «Արժանապատվության երթը», «Ալտ-ինֆո»-ի ղեկավարներն ու հոգևորականները քաղաքացիներին կոչ արեցին դուրս գալ փողոց։ Այդ օրը վիրավորվել է ավելի քան 50 լրագրող։