Օրբանը դրական է գնահատել Վրաստանի ընտրությունների արդյունքը

Վրաստանում այցով գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում նա հայտարարել է, որ հունգարացի դիտորդների ներկայացրած զեկույցի համաձայն՝ «բոլոր հայեցակետերը դրական են ազատ և ժողովրդավարական ընտրությունների տեսանկյունից»։

«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պատերազմ, քանի որ դա տեղի է ունենում հարևան երկրում։ Մենք նաև գիտենք, թե որքան կարևոր է խաղաղությունը։ Հունգարիան Եվրոպայում խաղաղասեր երկիր է, և մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, քանի որ դուք նույնպես խաղաղության ջատագով եք։ Ոչ ոք չի ուզում կործանել իր երկիրը և ներքաշվել պատերազմի մեջ: Դրա համար մենք հասկանում ենք վրաց ժողովրդի կայացրած որոշումը՝ նրանք ընտրել են խաղաղությունը»,- ասել է Վիկտոր Օրբանը։

Նա նաև խորհուրդ է տվել Վրաստանի վարչապետին, թե ինչպես արձագանքել սպասվող քննադատությանը.

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Օրբանը շնորհավորել էր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը:

Վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:

  1. «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
  2. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
  3. «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
  5. «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։