Դիտորդների կարծիքը՝ ամփոփ

Վրաստանում հոկտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, դիտորդ կազմակերպությունների ներկայացուցիչները բազմաթիվ ընտրատեղամասերում ստիպված են եղել աշխատել վախի, իրավունքների սահմանափակման և բռնության սպառնալիքների ներքո. եղել են դեպքեր, երբ դիտորդները դարձել են ֆիզիկական և վերբալ բռնության թիրախ։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին անդրադառնալով վրաստանյան ընտրություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդի ընտրությունը «Վրացական երազանքը» գողացավ. Դրանք արտացոլվում են մի քանի ձևով՝ նախընտրական միջավայր՝ ահաբեկում, ճնշում, կաշառք, ընտրությունների օրը՝ ցուցակներով մանիպուլյացիա, մակնշումներ և բազմաթիվ այլ խախտումներ։ Այս պայմաններում անցկացված ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել»:

Ըստ որոշ կազմակերպությունների, ընտրությունների ընթացքում կատարված խախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

«Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպության ղեկավար Նինո Դոլիձեն կարծում է, որ ընտրողների ազատ կամքը չի արձանագրվել վախի և կաշառքի լայնածավալ փորձերի պատճառով: ISFED-ի դիտորդները հոկտեմբերի 26-ին ընտրատեղամասերում նկատված խախտումների վերաբերյալ շուրջ 200 բողոք են արձանագրել։

Հաջորդ՝ «Իմ ձայնը» դիտորդական կազմակերպությունների միավորումը նույնպես պնդում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների «լայնածավալ կեղծիքների սխեմա» է բացահայտվել: Կազմակերպության պնդմամբ՝ այդ ամենը հաստատվում է լուսանկարներով, տեսանյութերով և աուդիո նյութերով։

Միավորման ներկայացուցիչներից Լոնդա Թոլորաիան ճեպազրույցում ասել է, որ ընտրությունների օրը «Իմ ձայնը» միավորման դիտորդները 1131 տեղամասերից ընտրական ընթացակարգերի խախտման ավելի քան 900 դեպք են ներկայացրել։

2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքին հետևել է նաև «Բազմազգ Վրաստան» (PMMG) ՀԿ-ն, որը ևս տեղեկատվություն է հրապարակել ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների մասին։

Կազմակերպության տվյալներով՝ 21 ընտրատարածքներից, որտեղ «Բազմազգ Վրաստանը» դիտորդություն է կատարել ընտրությունների օրը, հատուկ ընտրական խոցելիությամբ աչքի է ընկել Մառնեուլիի շրջանը․ նկատվել են տարբեր խստության և բնույթի ընտրախախտումներ։

Նրանց պարզաբանմամբ՝ Մառնեուլիի ընտրատարածքում աննախադեպ ճնշումներ են եղել «Բազմազգ Վրաստանի» դիտորդների վրա, ինչի պատճառով, հաշվի առնելով անվտանգության ռիսկերը, կազմակերպության դիտորդական առաքելությունը ստիպված է եղել կարճաժամկետ դիտորդներին հետ կանչել ընտրատեղամասերից՝ դադարեցնելով այդ տարածքներում դիտորդությունը։

Ընտրությունների հետ կապված իրենց գնահատականն են ներկայացրել նաև Միջազգային դիտորդական կազմակերպությունները:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) խոսել է ընտրությունների վերաբերյալ՝ ներկայացնելով նախնական գնահատականը։ ԵԱՀԿ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) համակարգող և դիտորդների ղեկավար Պասկալ Ալիզարդը նշել է, որ չնայած ընտրությունների լավ կազմակերպված օրվան, միջազգային դիտորդական առաքելությունները մի շարք թերություններ են հայտնաբերել ինչպես նախընտրական գործընթացում, այնպես էլ հենց ընտրությունների օրը։

Միջազգային կազմակերպության ENEMO-ի դիտորդական առաքելության նախնական եզրակացության արդյունքում ևս հայտնի է դառնում, որ ընտրություններն անցել են բևեռացված միջավայրում։ ENEMO-ի դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով՝ անցկացված ընտրությունները հաշվի չեն առել հավասարությունն ու թափանցիկությունը։

«Բացահայտվել են ընդդիմության նկատմամբ բռնություններ, ինչպես նաև վարչական ռեսուրսի ոչ պատշաճ օգտագործում, ճնշումների զոհ են դարձել քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները, տոտալ խախտումները էական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթի վրա»,- ասել է ղեկավարը:

Հայաստանյան «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Անկախ դիտորդ» դաշինքը ևս իր դիտորդական առաքելությունն է իրականացրել հոկտեմբերի 26-յան ընտրություններում:

Նախընտրական փուլում և քվեարկությանը օրն առաքելությունը ստացել է բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտման վրա վարչական լծակներով ազդեցության մասին, որոնք երբեմն զուգորդվել են ընտրողների նույնականացման (ID) քարտերի հավաքագրմամբ:

Առաքելության կողմից նկատվել են «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների ու ընտրական հանձնաժողովների մի շարք քայլեր, որոնք ուղղված էին ընտրողների շրջանում քվեարկության գաղտնիության նկատմամբ վստահության նվազեցման` սկսած քվեախցիկների ձևից ու դիրքերից, վերջացրած իշխող կուսակցության կողմից տեղամասերում տեսախցիկների տեղադրմամբ, քվեարկության վերահսկման այլ ձևերի մասին ապատեղեկատվական լեգենդների տարածմամբ:

Այսպիսով, դիտորդ կազմակերպությունների արձանագրած հիմնական կարևոր խախտումները հետևյալն են՝

  • Քվեարկության գաղտնիության խախտում
  • Դիտորդի իրավունքների ապօրինի սահմանափակում
  • Քվեարկություն առանց մատնանշման ստուգման
  • Ընտրատեղամասի ոչ պատշաճ դասավորություն
  • Ընտրողների նույնականացման քարտերը չստուգելը
  • Ընտրական փաստաթղթերի ոչ պատշաճ պատրաստում/լրացում
  • Ագիտացիա
  • Քվեաթերթիկների հավաքում ընտրատեղամասից
  • Չլիազորված անձինք տեղում
  • Քվեաթերթիկների լցոնում
  • Ոչ պատշաճ փաստաթղթերով քվեարկություն/փորձ
  • Ընտրողի 100 մետր շառավղով տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում
  • ֆիզիկական բռնություն
  • Քվեաթերթիկի տրամադրում առանց անդորրագրի ստորագրման
  • Այլ միջադեպեր

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն ֆեյսբուքյան իր էջում արդրադառնալով դիտորդ կազմակերպությունների գործունեւությանը՝ գրել է․

«Իմ կարծիքն այն է, որ բոլոր այն փաստարկները, ապացույցները, օրինաչափությունները, որոնք ունեն դիտորդական առաքելություններն ու կուսակցությունները ընտրակեղծիքների վերաբերյալ, պետք է վերլուծել։ Դիտորդական առաքելությունները մատնանշում ենլուրջ խախտումներ. 1. լայնածավալ «կարուսելներ» (ինչի մասին է վկայում նշագրման կանոնի զանգվածային խախտումը, նույն անձի կողմից քվեարկության դեպքերը, համակարգում չստուգվող անձնագրերով քվեարկության զանգվածային դեպքերը. ցուցակների կրկնօրինակման մեծ կասկածները) 2. Գաղտնիության սկզբունքի զանգվածային խախտումներ (ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քվեաթերթիկի որակ,  4. անձը հաստատող փաստաթղթերի առգրավման զանգվածային դեպքերի վերաբերյալ խախտումներ, 5. Զանգվածային բռնության դեպքեր, 6. Ընտրողների կամքի նկատմամբ զանգվածային հսկողություն, 6. Բռնություններ դիտորդների նկատմամբ և տարածքից հեռացնելու դեպքեր։ Այս ամենը շատ լուրջ է, և եթե ​​մենք կորցնենք ընտրական արդարությունը, ապագայում ոչինչ չենք ունենա»: