Վրաստանի արևմտյան գործընկերներն արձագանքել են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը գողացված ընտրութուններ են որակել: Արևմտյան գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է միջազգային նորմերի բոլոր խախտումները Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Բլինքենի խոսքով, ընտրություններին մասնակցությունը բացահայտում է վրաց ժողովրդի վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ` անկախ այն իրողությունից, որ միջազգային և տեղական դիտորդները նախընտրական շրջանի իրավիճակը բնութագրել են իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ընտրակաշառքով և ընտրողներին ահաբեկմամբ։
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն արձագանքել է Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը և նշել՝ եթե Պետդեպարտամենտը հաստատի կեղծիքները, ապա պետք է հստակ հայտարարություն անել։
ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Փարա Դախլալան ասել է՝ ընտրությունների ընթացքում նկատված խախտումների մասին հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Հայտարարության հիմքում միջազգային դիտորդական առաքելության եզրակացությունն է, որտեղ, ըստ խոսնակի, նշված է, որ Վրաստանի ընտրություններն անցել են անհավասար պայմաններում։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ նշել են՝ Եվրահանձնաժողովը և Եվրամիությունը ԿԸՀ-ին և այլ գերատեսչությունների կոչ են անում արագ և թափանցիկ հետաքննել ընտրախախտումները:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան մարմիններին ուսումնասիրել ընտրախախտումները։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Վրացի ժողովուրդը պայքարեց հանուն ժողովրդավարության։ Նա իրավունք ունի իմանալու, թե ինչ է տեղի ունեցել շաբաթ օրը։ Պետք է խախտումների արագ, թափանցիկ և անկախ հետաքննություն անցկացնել։ Ազատ ու արդար ընտրությունները եվրոպական արժեքների հիմքն են»:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկին համատեղ նշել են՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները պետք է հետաքննվեն և վերացվեն:
Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարարությունը (ԱԳՆ) մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Նախարարության տվյալներով՝ ակնկալվում է, որ Վրաստանի իշխանությունները կհետաքննեն քվեարկությունից առաջ և ընթացքում հայտնաբերված խախտումները։
Գերմանիայի ԱԳՆ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականներին։ Նրանց խոսքով, իրենք շարունակում են հետևել ներկա գործընթացին և կոչ են արել կողմերին` չնպաստել հետագա բևեռացմանը. «Մեզ մտահոգում են լարված մթնոլորտը և խախտումների մասին հաղորդումները, որոնք պետք է լուծվեն և շտկվեն»։
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը գրել է, որ Վրաստանի «բելառուսացման» սպառնալիքն իրական է և կոչ է անում Եվրամիությանը թույլ չտալ դա։
Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Սթիվեն Դաութն ասել է, որ «Միացյալ Թագավորությունն աջակցում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցին»։ Դաութը նշել է, որ զեկույցն արտացոլում է վարչական ռեսուրսի չարաշահումը, խիստ բևեռացված ընտրական միջավայրը, ինչպես նաև համատարած ահաբեկումն ու ընտրողների հարկադրանքը:
Կանադային անհանգստացնում են ընտրողների ահաբեկման, քվեների գնման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսով զրուցել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ։ Զուրաբիշվիլիի հետ զրույցից առաջ Էստոնիայի նախագահը հայտարարություն է տարածել X-ում և գրել, որ Էստոնիան միշտ աջակցել է վրաց ժողովրդի եվրոպական երազանքին։ Նրա խոսքով, ժողովրդավարությունը հիմնված է վստահության վրա, և յուրաքանչյուր ձայն որոշիչ է և կարևոր։
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան արձագանքել է ընտրությունների արդյունքներին և գրել, որ դիտորդների զեկույցներն ու նախագահի հայտարարությունը անհնարին են դարձնում անցկացված ընտրություններն արդար համարելը։
Լիտվայի ԱԳՆ-ն ծավալուն հայտարարություն է տարածել Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ՝ պահանջելով միջազգային հետաքննություն անցկացնել և նշել, որ այդ ընտրություններն արդար և ազատ չեն եղել։ Բացի այդ, Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին դիտարկել լրացուցիչ սահմանափակող միջոցներ ընտրակեղծիքների համար պատասխանատուների նկատմամբ:
Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոք Ռասմուսենին մտահոգել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների արձանագրած խախտումները։
Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականների կապակցությամբ և նշել, որ ժողովրդավարությունները հիմնված են ազատ ընտրությունների վրա։
Նշենք. վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահաջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ:
Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման,
քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:
Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։