Վրաստանյան «Իմ ձայնը» դիտորդական կազմակերպությունների միավորումը պնդում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների «լայնածավալ կեղծիքների հիմնական սխեմա» է բացահայտվել: Կազմակաերպության պնդմամբ՝ այդ ամենը հաստատվում է լուսանկարներով, տեսանյութերով և աուդիո նյութերով։
Միավորման ներկայացուցիչներից Լոնդա Թոլորաիան ճեպազրույցում ասել է, որ ընտրությունների օրը «Իմ ձայնը» միավորման դիտորդները 1131 տեղամասերից իրենց տեղեկացրել են ընտրական ընթացակարգերի խախտման ավելի քան 900 դեպքի մասին։
«196 տեղամասերում, որտեղ մեր ներկայացուցիչները դիտարկել են ընտրությունները, էական խախտումները կրել են կրկնվող, շարունակական և համակարգված բնույթ, ինչն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Թոլորաիան։
Նա նաև ներկայացրել է «կեղծարարության սխեման, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին ընտրություններից առաջ».
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փոխել է ընտրությունների օրը դերերի բաշխման կանոնը և ընտրությունների օրվա փոխարեն՝ մեկ շաբաթ շուտ բաշխել պարտականությունները։ «Մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների մեծամասնության համար նշված գործընթացի դիտարկումն անհնար էր»:
- Տեղեկություններ էին տարածվում, որ իշխող կուսակցությունը «վարձակալել է» ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը, քննչական մարմիններն էլ անգործության էին մատնված:
- Դիտորդները ստուգման (վերիֆիկացիայի) գործընթացին հետևելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ դիտորդների սեղանները սեղմված են եղել պատին։ «Այնտեղ, որտեղ մեր դիտորդները հնարավորություն են ունեցել կանգնել ստուգող սարքերի հետևում, հանձնաժողովի անդամները նշել են, որ պետք է լքեն այդ վայրը, քանի որ իրենց չի թույլատրվում դիտարկել այդ վայրից։ Որոշ դեպքերում ստուգման գործընթացը դիտարկելու համար մեր դիտորդները վտարվել են ընտրատեղամասերից»:
«Իմ ձայնը» միավորման ներկայացուցիչն ասել է, որ ընտրությունները կեղծվել են նաև անգամ քվեարկության օրը: Ըստ նրա`
- Ընտրատեղամասեր եկած մարդկանցից մի քանիսի մոտ անձը հաստատող փաստաթղթի վրա գրված է եղել այլ անձի տվյալներ։ Ընտրողներից ոմանք, հեռախոսի մեջ ունենալով նույնականացման քարտի պատճենը, կարողացել են քվեարկել «ծանոթ գրանցողների» օգնությամբ:
- Մի քանի անգամ քվեարկության սխեմայի մեջ ներգրավված անձինք փորձել են խուսափել մատնանշումից: «Դիտարկվել է նաև մանիպուլյացիա մատնանշման ժամանակ. մատնանշման ժամանակ մատով կամ անձեռոցիկով ծածկելով՝ ընտրողի ձեռքին չի անցել մատնանշման հեղուկը։ Որոշ դեպքերում մատնանշման հեղուկն ու լապտերի որակը համապատասխան չեն եղել՝ մատնանշման հետքեր չեն եղել կամ հեշտությամբ մաքրվել են, իսկ լապտերները շարքից դուրս են եկել, մարտկոցների փոխարինման անհրաժեշություն է ծագել և այլն»։
«Չնայած ծայրահեղ սահմանափակ հսկողությանը, թշնամական մթնոլորտի ստեղծմանը, ֆիզիկական, խոսքի և հոգեբանական բռնություններին ու ահաբեկման փորձերին, դիտորդներին հաջողվել է բացահայտել այս սխեմայի հիմնական միտումները և փաստարկել խարդախության այդ սխեման և դրա մասշտաբները բացահայտող ապացույցներ», — ասել է Թոլորաիան:
Նա նաև նշել է՝ 189 ընտրատեղամասերի (որտեղ ընտրողների թիվը 300 հազարից ավելի է) արդյունքների անվավերության վերաբերյալ բողոքներ են ներկայացվելու տարբեր ընտրատարածքների ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։
«Դիտորդական առաքելության հավաքագրած ապացույցները տեղեկություններ են պարունակում ընտրակեղծիքների կատարման հանցագործության մասին։ Ըստ այդմ, դիմում ենք քննչական մարմիններին՝ ընտրակեղծիքների որակմամբ հետաքննություն սկսելու համար»,- հավելել է Թոլորաիան: