Ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ. փորձագետներ

Վրաստանյան ընտրությունների արդյունքի վրա ազդել են նախընտրական շրջանում և ընտրությունների օրը նկատված խախտումները։ Հաշվի առնելով դրանց բնույթն ու թիվը՝ ընտրողները հնարավորություն չեն ունեցել ազատ, առանց ճնշումների ու ահաբեկումների արտահայտելու իրենց կամքը, ուստի ընտրությունների վերջնական արդյունքները չեն արտահայտում Վրաստանի քաղաքացիների կամքը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ են հայտնել վրացի որոշ վերլուծաբաններ:

Փորձագետների խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գողացել է վրաց ժողովրդի եվրոպական ընտրությունը նախընտրական շրջանում և ընտրությունների օրը:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ն ընտրությունները գողացել է մի քանի ձևով. նախընտրական միջավայր՝ ահաբեկում, ճնշում, ընտրակաշառք, ընտրությունների օրը՝ ընտրացուցակների մանիպուլյացիաներ, մատնանշման հեղուկների չօգտագործում և բազմաթիվ այլ խախտումներ։

Նրա խոսքով, օգտագործվել է նաև «դասական կարուսել»-ի մեթոդը. նախ՝ քվեարկել ուրիշի ինքնությամբ, երկրորդ՝ նույն ինքնությամբ, նույն անձի կողմից քվեարկություն մի քանի ընտրատեղամասերում: Նրա դիտարկմամբ՝ այս պայմաններում անցկացված ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել։

«Արտերկրում բացված ընտրատեղամասերը մեզ ակնհայտորեն ցույց են տվել «Վրացական երազանք»-ի իրական աջակցությունը (արտերկրում բացված ընտրատեղամասերի մեծ մասում իշխող թիմը պարտվել է — հեղ.), քանի որ այնտեղ ճնշումը համեմատաբար քիչ էր: Չնայած Թբիլիսիում տեղի ունեցած լայնածավալ խախտումներին, «Վրացական երազանք»-ը, այնուամենայնիվ, պարտվել է: Սա նշանակում է, որ նույնիսկ կեղծիքների դեպքում նրանց աջակցությունն այստեղ նվազագույն է, ինչը շատ հուսադրող է»,- ասաց Մելաշվիլին:

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի կարծիքով, բոլոր այն փաստարկները, ապացույցները, օրինաչափությունները, որոնք ունեն դիտորդական առաքելություններն ու կուսակցություններն ընտրակեղծիքների վերաբերյալ, պետք է միասին վերլուծել։

Ըստ Միքելաձեի՝ վերլուծման գործընթացում կառավարությունը պետք է պարտավորվի տրամադրել գնահատման համար կարևոր բոլոր տվյալներն ու տեղեկատվությունը, և գործընթացը պետք է իրականացվի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աուդիտի և մասնակցության միջոցով.

«Իրականում պետք է տեսնել, թե ինչ մասշտաբի մանիպուլյացիաների հետ գործ ունեինք և ինչպես ստացանք այն աբսուրդը, երբ 12 տարի իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը գործնականում ստացավ նույն արդյունքները, ինչ 2012 թվականին: Միայն դրանից հետո կարելի է խոսել ընտրությունների օրինականության և մեր քաղաքական համակարգի, քաղաքական դասի և հասարակության գնահատականի մասին»:

Քաղաքագետ, նախկին պատգամավոր Դավիթ Զուրաբիշվիլին զուգահեռներ անցկացրեց նախկինում անցկացված ընտրութունների հետ: Ըստ նրա` իշխող թիմի կատարած մոբիլիզիացիան առավելագույնն էր. ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ։

«Այս անգամ մոբիլիզացիան առավելագույնն էր, և մարզերի ընտրողների մի ստվար զանգված չէր հավատում, որ իշխանություն է փոխվում։ Այստեղ իրենց դերը խաղացին ագրեսիվ քարոզչությունն ու պատերազմի պատճառած վնասների մասին շահարկումները, որոնց ընդդիմությունը հստակ ու համոզիչ պատասխան չուներ։ Ընդդիմությունը չկարողացավ ամբողջ երկրում ներկայացնել այն պատկերը, որ սա ընտրություն է Եվրոպայի և Ռուսաստանի միջև, այլ ոչ թե պատերազմի և խաղաղության: Ընտրողների մի ստվար զանգված պարզապես չհավատաց դրան»,- ասաց Զուրաբիշվիլին:

Քաղաքագետը, համեմատելով Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի կրած պարտությունը և մեծաթիվ շրջաններում տարած հաղթանակն, ասաց՝ անհնար է, որ մեծ քաղաքների և շրջանների տրամադրությունների մեջ այդքան աղետալի տարբերություն լինի: Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ այստեղ մանիպուլյացիա և կեղծիք կան, բայց դա ընտրությունների օրը կարուսելի պտտում, լցոնում կամ նույնիսկ ինքնության շահարկում չէր:

Նշենք. վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:

Հոկտեմբերի 26-ի ընտրություններին արձագանքեցին միջազգային հանրությունը, արևմտյան գործընկերները (1, 2, 3, 4), և բոլորը խոսում են ընտրական գործընթացի խախտումների մասին։

Եվրախորհրդի հանձնաժողովը ԿԸՀ-ին կոչ է արել հետաքննել և քննարկել ընտրական գործընթացի խախտումները։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։