Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեն հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում մտնել խորհրդարան:
Դոլիձեն ասել է՝ խորհրդարան մտնելու հարցը չի քննարկվում:
«Բնականաբար, մենք չենք մտածում այս խորհրդարան մտնելու մասին»,- շեշտել է Դոլիձեն։
Ուշագրավ է, որ խորհրդարան չմտնելու մասին են հայտարարել նաև մյուս ընդդիմադիրները, որոնք ևս հաղթահարել են 5 տոկոսանոց անցողիկ շեմը:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:
- «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։