Վաշինգտոնը դատապարտում է ընտրություններում միջազգային նորմերի խախտումները

Վաշինգտոնը դատապարտում է միջազգային նորմերի բոլոր խախտումները Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հոկտեմբերի 27-ով թվագրված հայտարարությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։

Բլինքենի խոսքով, ընտրություններին մասնակցությունը բացահայտում է վրաց ժողովրդի վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ` անկախ այն իրողությունից, որ միջազգային և տեղական դիտորդները նախընտրական շրջանի իրավիճակը բնութագրել են իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ընտրակաշառքով և ընտրողներին ահաբեկմամբ։

Ըստ պետքարտուղարի՝ այս ամենը նպաստել է անհավասար պայմանների ստեղծմանը և խաթարել հասարակության և միջազգային վստահությունն արդար արդյունքի հնարավորության նկատմամբ:

Պետքարտուղարը նշել է՝ թեև միջազգային և տեղական դիտորդները համակարծիք էին, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ է կազմակերպված, ԱՄՆ-ն ընդգծում է խախտումների և մեկուսացված բռնությունների մասին հաղորդումները:

Բլինքենն ընդգծել է՝ միջազգային դիտորդներն ազատ ու արդար չեն հայտարարել ընտրությունների արդյունքները։ ԱՄՆ-ը դատապարտում է միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված բոլոր խախտումների լիարժեք հետաքննության վերաբերյալ։

ԱՄՆ-ը Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը, չեղյալ համարել հիմնական ազատությունները խաթարող օրենսդրությունը և միասին վերացնել ընտրական գործընթացի թերությունները:

Նշվում է՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք արտացոլված են երկրի սահմանադրության մեջ, կառավարությունից պահանջում են հարգել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները:

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:

  1. «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
  2. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
  3. «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
  5. «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։