Ընդդիմության արձագանքները հոկտեմբերի 26-ի ընտրություններին

Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում ընտրությունների արդյունքները՝ դրանք անվանելով «գողացված ընտրություններ»:

Ընտրական շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների տեսակետներն ընտրությունների մասին ներկայացնում ենք ստորև՝

«Փոփոխությունների համար» կոալիցիա

«Փոփոխությունների համար» կոալիցիան պնդում է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք «գողացվել են»։

«Վրացական երազանք»-ը ստիպված կլինի ճանաչել ընդդիմության հաղթանակը։ Մենք վերծանել ենք այն սխեման, որով գողացել են ընտրությունները։ Մենք գնում ենք ձայները պաշտպանելու»,- ասել է կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցություն

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան ասել է, որ ընդդիմությունը հաղթել է մեծ տարբերությամբ, և իրենց կոալիցիան «չի ճանաչում գողացված ընտրությունների արդյունքները»։

«Միասնություն-Ազգային շարժում»-ը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և մտադիր չէ մտնել խորհրդարան։

«Բնականաբար, եթե մենք ասում ենք, որ չենք ճանաչում ընտրությունների արդյունքը, սա, իհարկե, ենթադրում է, որ չենք պատրաստվում մտնել խորհրդարան»,- ասել է Թինա Բոկուչավան։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիա

«Ուժեղ Վրաստան» կոալիցիան անվստահություն է հայտնել Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ և հայտարարել, որ գողացված ձայները վերադարձնելու պայքարը շարունակվում է։

«Բիձինա Իվանիշվիլին ռուսական հատուկ ծառայությունների հետ միասին գողացել է երեկվա ընտրությունները, խլել վրաց ժողովրդից։ Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների ընտրելու իրավունքը, պայքարել, որպեսզի այս երկիրը, որի ընտրությունը եվրատլանտյան ինտեգրումն է, Իվանիշվիլիին չտանի Ռուսաստան»,- ասել է կոալիցիայի ղեկավարներից մեկը՝ Մամուկա Խազարաձեն։

«Վրաստանի համար» կուսակցություն

«Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ը խախտել է Վրաստանի քաղաքացիների կամքը, և ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։

Գիորգի Գախարիայի խոսքով, ընտրությունների ժամանակ եղել են համակարգային խախտումներ. այդ թվում՝ ընտրողների ահաբեկում, կաշառք, անձը հաստատող փաստաթղթերի շահարկում, ճնշումներ քաղծառայողների և սոցիալապես անապահով մարդկանց վրա։

«Այս ամենն արվել է ընտրությունները գողանալու համար»,- հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում ասել է Գիորգի Գախարիան։

Նա նշել է, որ այժմ եկել է Վրաստանի քաղաքացիների ձայները պաշտպանելու ժամանակը, և թե՛ քաղաքական գործիչները, թե՛ քաղաքացիները պետք է պայքարեն ձայնի ազատության իրավունքը պաշտպանելու համար։