Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Համապատասխան հայտարարությունն Օրբանը հրապարակել է X սոցիալական ցանցում։
«Շնորհավորում եմ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօր խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի ժողովուրդը գիտի, թե ինչն է ավելի լավ իր երկրի համար, և նրանց ձայնն այսօր լսվեց»,- գրել է Օրբանը։
Նշենք, որ 20:40-ի դրությամբ ընտրությունների պաշտոնական արդյունքի մասին տեղեկություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հայտնել:
Ուշագրավ է նաև, որ Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի: