Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ունեն երաշխավորված, համոզիչ հաղթանակ, սակայն սահմանադրական մեծամասնություն ստանալը երաշխավորված չէ, թեև իրենք մեծ հավակնություն ունեն։
Ըստ Կոբախիձեի՝ սա վճռական ընտրություն է. մի կողմում երկրի մութ անցյալն է, մյուս կողմում՝ երկրի լուսավոր, եվրոպական ապագան, հետևաբար պատասխանատվությունը շատ մեծ է։
«Մենք ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնություն, որն այս փուլում երաշխավորված չէ։ Դեռ ժամանակ կա, երևի 200 հազարից ավելի ընտրող կա, հետևաբար, պետք է մոբիլիզացնել յուրաքանչյուր ընտրողի, որպեսզի այս ընտրություններում համոզիչ հաղթանակ տանենք, ոչ թե` ուղղակի հաղթենք։ Մենք հավակնություն ունենք Վրաստանի խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչը մեր քաղաքական խնդիրն է։
Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր ընտրողներին հնարավորինս ներկայանալ ընտրատեղամասեր և գործել առավելագույն պատասխանատվությամբ իրենց երկրի նկատմամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։