Թուրքիայում ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում տարած հաղթանակի առիթով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորանքներ է ստանում։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս Թուրքիայի նախագահին շնորհավորել է հանրաքվեում տարած հաղթանակի առիթով, թեև հանրաքվեի վերջնական արդյունքերը դեռ չեն հրապարակվել:
Վրաստանում ևս անդրադարձել են Թուրքիայում կայացած հանրաքվեին։ Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Մենք հարգում ու ողջունում ենք Թուրքիայի քաղաքացիների ընտրությունը: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, որի կայուն զարգացումը կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար»:
Նախնական արդյունքների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 51,4 տոկոսը քվեարկել է «այո»-ի, իսկ 48,6 տոկոսը՝ «ոչ»-ի օգտին: Նոր սահամանադրությունը ընդլայնում է նախագահի լիազորությունները՝ փաստացիորեն Էրդողանին իշխանության ղեկին մնալու իրավունք տալով մինչև 2029թ․։
Թուրքիայի ընդդիմությունը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և բազմամարդ բողոքի ակցիաներ է սկսել Անկարայում, Ստամբուլում և այլ քաղաքներում: Թուրք իրավապահներն արդեն ձերբակալել են 14 ցուցարարի, իսկ իշխանությունները որոշել են արտակարգ դրությունը, որ մտցվել էր անցյալ տարի հեղաշրջման փորձից հետո, երկարաձգել ևս 3 ամսով:
Ընտրությունների ընթացքը քննադատել են նաև միջազգային դիտորդները, սակայն Թուրքիայի նախագահը չի կիսում նրանց գնահատականները: Էրդողանը նախագահական նստավայրում կազմակերպված միջոցառմանն անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմած զեկույցին, ԵԱՀԿ-ի կոչ է արել «չափը ճանաչել»: