«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (ՎԵԻԱ) նախագահը խոսել է ընտրախախտումների մասին։
Նրա խոսքով, ՎԵԻԱ-ի դիտարկած որոշ տարածքներ ժամը 06:45-ին չեն բացվել նախապատրաստական աշխատանքների համար։
Նաձալադևիի, Կրծանիսիի և Սաբուրթալոյի շրջանների մի քանի ընտրատեղամասերում առավոտյան ժամը 06:45-ի դրությամբ ընտրատեղամասի բացման համար անհրաժեշտ ընթացակարգերը նախապես են սկսվել, տեղ-տեղ էլ ակտիվացվել են էլեկտրոնային սարքերը: Բացահայտվել են նաև գործառույթների չկատարման և կամայական փոփոխությունների փաստեր։ Գրանցված խախտումներից մեկը. քարտուղարը չի ներկայացել ընտրատեղամաս։ ՎԵԻԱ-ի դիտորդների տվյալներով` ուշացումով են բացվել մի քանի ընտրատեղամասեր, հետևաբար` քվեարկությունը նույնպես ուշ է սկսվել։
Քվեարկության ընթացքում բացահայտվել են և՛ սարքերի անսարքություն, և՛ քվեարկության գաղտնիության խախտում։
Մասնավորապես, Ռուսթավիի մարզի 27-րդ ընտրատեղամասում գրանցող անձը քվեաթերթիկի փոխարեն ընտրողին ցույց է տվել մի թերթիկ, որտեղ 41 թվի դիմաց գունավորված է եղել, և ընտրողներին հրահանգել է նույն կերպ գունավորել քվեաթերթիկը։
Էական խնդիրներ են առաջացել էլեկտրոնային սարքերի ճիշտ աշխատանքի և գրանցողների կողմից ստուգող մեքենայի ոչ ճիշտ օգտագործման հետ կապված։ Գրանցողները սարքի մեջ սխալ են տեղադրել նույնականացման քարտերը, և դրա պատճառով տվյալները մուտքագրել են ձեռքով։
Նինոծմինդայի 3-րդ տեղամասում ընտրողը մոտեցել է գրանցողներից մեկին, և այդ ժամանակ սարքը տվել է հատուկ ազդանշան, իսկ մյուսը՝ նման ազդանշան չի տվել, որից հետո գրանցվել է։ Ըստ ՎԵԻԱ-ի դիտորդների, Մառնեուլիի 35-րդ տեղամասում անձը, որը, ենթադրաբար, «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ է, երկու անգամ է քվեարկել։
Բացահայտվել են երկու քվեաթերթիկ հանձնելու փաստեր Գլդանիի 13-րդ, Իսանիի 41-րդ, Ծալենջիխայի 5-րդ, Քութաիսիի 13-րդ ընտրատեղամասերում և Փոթիում։
Բացահայտվել է ՎԵԻԱ-ի դիտորդի գործունեությանը միջամտելու մի քանի փաստ։ Մասնավորապես, Վակեի թաղամասի 66-րդ տեղամասում դիտորդին թույլ չեն տվել ընտրատեղամաս մտնել և խնդրել են դիտորդին վկայականի վրա թաց կնիք ունենալ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ քննարկումից հետո նրան թույլ են տվել մտնել տեղամաս։ Կրծանիսիի 21-րդ թաղամասում դիտորդին թույլ չեն տվել դիտարկել և ազատ տեղաշարժվել։ Լագոդեխիի երրորդ թաղամասում դիտորդին թույլ չեն տվել գրառում կատարել գրանցամատյանում։ Խոնիի 3-րդ թաղամասում դիտորդին թույլ չեն տվել լուսանկարել էլեկտրոնային սարքից դուրս եկող զրոյական կտրոնը։ Սամգորիի 55-րդ տեղամասում դիտորդին, իր կամքին հակառակ, թույլ են տվել մասնակցել շարժական քվեատուփին հետևող մարդկանց վիճակախաղին։ Քութաիսիի 49-րդ տեղամասում հանձնաժողովի նախագահը ընդգծված ագրեսիվությամբ է դիմել ՎԵԻԱ-ի դիտորդին, նրան ազատ դիտարկելու հնարավորություն չի տվել, ինչից հետո դիտորդը հեռացվել է տեղամասից։
Ինչ վերաբերում է պարագծի խախտումներին, ապա շարունակվում է նախորդ տարիների միտումը. արտաքին պարագծում համակարգողների և ընտրատեղամասի շենքից 100 մետր հեռավորության վրա մարդիկ են կուտակվում։ ՎԵԻԱ-ի դիտորդի տեղեկություններով՝ Փոնիչալայի թիվ 21 ընտրատարածքի մոտ՝ 25 մետր շառավղով, տեղադրված է «Վրացական երազանք» կուսակցության քարոզչական նյութը։ ՎԵԻԱ-ի դիտորդը դիմել է ՆԳՆ՝ փաստին արձագանքելու համար։ Խախտումն ամբողջությամբ չի վերացվել։ Նման դեպք եղել է նաև Չոխատաուրիի առաջին ընտրատեղամասի մոտ։
Արտերկրում հիմնականում հայտնաբերվել են ընթացակարգային խախտումներ։ Ֆինլանդիայում վիճակախաղը տեղի է ունեցել քվեարկության օրը, մինչդեռ Բրատիսլավայում քվեատուփերը նախապես են կնքվել։ Վիլնյուսի, Մյունխենի, Մադրիդի և Պրահայի ընտրատեղամասերը բացվել են ուշացումով։
«Վրացական երազանք» կուսակցությունը տեսախցիկներ է տեղադրել ընտրատեղամասերում։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան