Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է, տեղից հայտնել է «Netgazeti»-ի թղթակիցը։
Մինչ այդ` տեղամասից կադրեր էին հրապարակվել, որտեղ ընտրողներից մեկը քվեաթերթիկներ է նետում քվեատուփը։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։
Այս դեպքի տեսագրությունը հրապարակած անձը նշել է, որ դիտորդները, նախ, ֆիզիկական բռնության են ենթարկվել, ապա` վտարվել տարածքից։
Նշենք, որ ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։
«Սա մտահոգիչ տեղեկություն է, և վարչակազմը թույլ չի տա, որ նման միջադեպերը խաթարեն ընտրությունների օրվան ընդառաջ ամիսներ շարունակ մեր ներդրած ջանքերը:
Ուզում եմ ահազանգել և խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել ստեղծված իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել և համապատասխան որոշում կայացնել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։