Կարո Քեբաբչյան. թուրքը չի կորցնի ոչխարին հոշոտելու հնարավորությունը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մերձավոր Արևելքի ներկայացուցիչ Կարո Քեբաբչյանի կարծիքով` չնայած բազմաթիվ ազդակներին , հայերն այս հակամարտությանը պատրաստ չէին:

«Ադրբեջանն  առաջին զինադադարից հետո անընդհատ սպառազինվում էր, Ալիևը միշտ կրկնում էր, որ եթե չհաջողվի Ղարաբաղյան հարցը բանակցությունների միջոցով լուծել, այն կլուծվի ռազմական ճանապարհով: Չնայած նրան, որ այս ամենը ամեն օր լսում էինք մենք, լսում էր Եվրոպան, Ամերիկան և Ռուսաստանը, ոչ ոքի չհաջողվեց ճնշում կիրառել ագրեսոր Ադրբեջանի վրա, որպեսզի Ղարաբաղյան հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք հավատում էինք, որ միջազգային հանրության աջակցությամբ հարցը կլուծվի`  բանակցությունների միջոցով, սակայն մենք խաբվեցինք: Եղավ այն ինչին չէինք սպասում, մեր անպատրաստությունն էր մեր սխալը: Բարեբախտաբար, ի շնորհիվ մեր քաջ տղաների, մենք կասեցրինք թշնամուն: Սա մեզ համար լավ դաս էր, այլևս կիմանանք, որ թուրքը չի կորցնի ոչխարին հոշոտելու հնարավորությունը»:

Քեբաբչյանի կարծիքով`  Ղարբաղում տեղի ունեցած ռազմական գործողություների հիմնական պատասխանատուն Թուրքիան է.

«Թուրքիային դուր չեկավ Ռուսաստանի միջամտությունը և հաղթանակը Սիրիայում  և Թուրքիան ի պատասխան նոր ճակատ բացեց` արդեն Ղարաբաղում»:

Խոսելով Արցախի դիվանագիտական առաքելությունների մասին` Քեբաբչյանն ասաց.

«Արցախի անկախությունից ի վեր, մեր` որպես դիվանագետների նպատակն է հայտնել աշխարհին, որ Ղարաբաղը էթնիկ հայկական պատմական հողեր են: Մենք մեծ դժվարություն ունենք`  մանավանդ իսլամական աշխարհին բացատրել,որ Ղարաբաղը ոչ թե Ադրբեջանական, այլ հայկական հող է: Այդ մասին կան բազում փաստեր»:

Մերձավոր արևելքում Ղարաբաղի ներկայացուցիչը վստահ է, որ շիա մահմեդականների կողմից հայերն ավելի սիրված են, ինչն այդպես չէ սուննիների դեպքում: Բանախոսի կարծիքով`  վրացիները պետք է դաս քաղեն Ղարաբաղյան հակամարտությունից և իմանան, որ նրանց գլխին փորձանք է սպասվում Ադրբեջանի կողմից:

Թողնել պատասխան