Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում «Ալիք Մեդիա Վրաստան»-ի լրագրողներն արձանագրել են ագիտացիա ընտրատեղամասում: Տղամարդն ընտրատեղամաս է մտել «Վրացական երազանք» կուսակցության լոգոյով գլխարկով, և հանձնաժողովի ներկայացուցիչները նույնիսկ դիտողություն չեն արել նրան: Ագիտացիա անող քաղաքացին ընտրել է ու հեռացել ընտրատեղամասից:
Հիշեցնենք, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այսօր ընտրատեղամասում քարոզչությունն արգելված է։ Չի թույլատրվում քարոզչական նյութ տեղադրել ընտրատեղամասի մուտքից 25 մետր հեռավորության վրա։ Չի թույլատրվում նաև քվեարկության օրը քվեարկության շենքում կամ քվեարկության շենքից 100 մետր հեռավորության վրա ֆիզիկապես խոչընդոտել ընտրողի տեղաշարժը։ Չի թույլատրվում նաեւ քվեարկության օրը ընտրատեղամասից 100 մետր հեռավորության վրա մարդկանց հավաքել կամ ընտրողներ գրանցել։
Հավելենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։