Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում հրավիրված ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ կատարված քննչական գործողությունները և խուզարկությունները տիպիկ հոգեբանական ճնշումներ են ընտրություններից առաջ:
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ նման հոգեբանական մանիպուլյացիաների նպատակը մարդկանց վախեցնելն է, որ չգնան ընտրությունների։
«Մենք գիտենք, որ նման բաներ տեղի են ունենում, գիտենք, որ պետք է դիմանալ, չպետք է վախենալ դրանից։ Սա միայն նրա համար է, որ մարդիկ վախենան, ինչ-որ մեկը չգնա ընտրության, վախենա իր ձայնը տալ այնպես, ինչպես մտածում է։ Այս ամենը պարզապես հոգեբանական մանիպուլյացիաներ են, որոնք, կարծում եմ, Վրաստանի բնակչության վրա, որը շատ փորձառու է այս ամենում, չպետք է ազդի»,- ասել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ի առավոտյան, ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկել է «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան հետազոտական կենտրոնի աշխատակիցներ Սոփո Գելավայի և Էթո Բուզիաշվիլիի բնակարանները փողերի լվացման և խմբակային խարդախության հոդվածներով հետաքննության շրջանակներում։ Այս տեղեկությունը հայտնել են նրանց փաստաբանները։