Քվեարկությունն արտերկրից. էմիգրանտների ձայնը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ  խորհրդարանական ընտրություններին վրացի էմիգրանտների համար 42 երկրներում 67 ընտրատեղամաս կբացվի։  

ՄԱԿ-ի 2020 թվականի տվյալների համաձայն՝ Վրաստանն ունի 860 հազար էմիգրանտ։ Նույն թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 66 հազար 217 էմիգրանտ, ձայն էր տվել ընդամենը 12 հազար 247-ը։  Անցյալ ընտրություններին էմիգրանտների համար բացվել էր 55 ընտրատեղամաս։ ԿԸՀ-ի տվյալներով արտերկրում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 95 հազար 834 է։

Պարզելու էմիգրանտների՝ ընտրություններին մասնակցելու խոչընդոտները «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) ընկերակցության իրավաբան և ծրագրերի համակարգող Գիորգի Մոնիավայի հետ։

Զրույցում Մոնիավան նշել է, որ Էմիգրացիայում ձայն տալու ամենամեծ խոչընդոտներից ընտրատեղամասերի բացակայությունն է շատ քաղաքներում։ Դա ԿԸՀ-ի իրավասությունն է՝ ԱԳՆ-ի տրամադրած տվյալների համաձայն։ Նշենք, որ սովորաբար ԿԸՀ-ն ընտրատեղամաս բացում է այն քաղաքներում, որտեղ կան հյուպատոսարաններ կամ դեսպանատներ․ արտերկրից ձայն տալու համար պետք էր մինչև հոկտեմբերի 7-ը հաշվառվել որևէ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Էմիգրանտներին հաշվառվելու և այլ հարցերում  օգնելու համար ստեղծվել է «Սերունդները երկրի համար» հարթակը։

Մոնիավան նշեց, որ որակյալ տեղեկատվական արշավը մեծ դեր է կատարում․

«Շատ էմիգրանտներ չգիտեն, թե որտեղ պետք է գրանցվեն, ում դիմեն և այլն։ Խնդիր է նաև այն, որ շատերը՝ հատկապես ոչ լեգալ էմիգրանտները, տեղյակ չեն, որ ունեն ձայն տալու իրավունք։ Առաջին հերթին պետք է անցկացնել տեղեկատվական արշավ, այնուհետև ընտրատեղամասեր բացել, որոնք հասանելի կլինեն էմիգրանտներին իրենց քաղաքներում»։

Նշենք, որ արտերկրում ապրելու օրինական կարգավիճակ չունեցող Վրաստանի քաղաքացիները ևս կարող են մասնակցել ընտրություններին,  հաշվառման համար մուտքագրած նրանց տվյալներն անձնական են, հրապարակվել ոչ ենթակա։

Ընտրողների ձայները պաշտպանելու համար ակտիվիստներն ու քաղաքական գործիչները ստեղծել են «Պլատֆորմա 26» հարթակը,  որի հիմնական խնդիրը ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումն է՝ հեշտացնելու էմիգրանտների մասնակցությունն ընտրություններին։ Հարթակի նպատակներից է նաև ընտրողի համար իր բնակության վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տեղամաս հասնելու, ընտրություններում ձայնն ապահովելու համար նյութատեխնիկական խնդիրների լուծումը։ Այդ հարցով օգնության համար էմիգրանտները պետք է լրացնեն emguide կայքում տեղադրված դիմումը:

Ստրասբուրգում ակտիվիստները ընտրատեղամասի բացակայության պատճառով ստիպված են հոգալ շուրջ 300 ընտրողի տրանսպորտով ապահովելու հարցը։ Որոշ էմիգրանտների ընտրելու համար անհրաժեշտ է հատուկ բժշկական աջակցություն, այս ամենի ծախսերը հոգալու համար ակտիվիստները հիմնել են խումբ՝ բացելով հաշվեհամար։ Նշենք, որ  Ստրասբուրգում ընտրատեղամաս չի բացվի՝ չնայած էմիգրանտների պահանջներին։

Հեղինակ՝
Մարիանա Մանուկյան