Ուսանողների ձայնը. փոփոխությունը ժողովրդից է կախված. Էմիլյա Բլիքյան

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ․ չափազանց կարևոր օր, երբ կորոշվի երկրի ապագան։ «Ալիք մեդիա Վրաստան»-ն առաջարկում է ընտրությունների հետ առնչվող ևս մեկ հոդված, որում երիտասարդ ընտրողը կիսվում է իր մտքերով՝ անդրադառնալով էթնիկ փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև երկրի ավելի լավ ապագայի համար քաղաքացիական ներգրավվածության կարևորությանը։

«Ալիք մեդիա»-ի զրուցակիցն Էմիլյա Բլիքյանն է՝ բիզնես կառավարման բաժնի ուսանողուհի, Ծալկայի շրջանի Օզնի գյուղից։ Էմիլյան ասում է, որ այս տարվա ընտրություններն այնքան կարևոր են, որ գործնականում հանրաքվեի ձև են ստացել. «Այս տարվա ընտրությունները հանրաքվե են Վրաստանի համար։ Անշուշտ, միշտ էլ կարևոր է եղել քվեարկելը, քանի որ դա մեր քաղաքացիական պարտքն է, բայց այս տարի մենք կանգնած ենք Եվրամիությանն անդամակցելու խաչմերուկում։ Կշեռքի մի կողմում մեր զարգացած ապագան է, մյուսում՝ ներկա իրականությունը»։

Նա ասում է, որ ինքն արդեն որոշել է, թե ում օգտին պիտի քվեարկի։ Որոշումը կայացրել է՝ ամբողջությամբ ծանոթանալով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/կոալիցիաների նախընտրական ծրագրին, առանձնացրել է եվրոպական արժեքներին մոտ գաղափարախոսությամբ ուժին։ Նա համոզված է՝ ընդհանուր առմամբ այսօր ընտրություն կատարելը դժվար չէ՝ հաշվի առնելով ողջ Վրաստանի պայքարը եվրոպական ապագայի համար։ Ներկայիս իրականության փոփոխությունը կախված է ժողովրդից և ընտրություններին նրա ակտիվ մասնակցությունից։

Էմիլիան կարծում է, որ այսօրվա իրականությունը կարելի է փոխել/բարելավել միայն միասնության միջոցով։ Նրա խոսքով՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է հաղթահարի իր վախերն ու կասկածները, գնա ընտրության։ Նա կոչ է անում ժողովրդին թույլ չտալ իրեն կաշառել, դա կդառնա «մեր ավերված ապագայի գույժը»: Նա կարծում է՝  որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան քիչ կլինի կեղծելու հնարավորությունը։

Ըստ Էմիլյայի՝ երկրի թույլ կողմերից մեկն ազգային փոքրամասնությունների ինտեգրումն է։ Նրա խոսքով, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ունեն տարբերվող բազմաթիվ խնդիրներ, սակայն հատկապես նախընտրական շրջանում սրված խնդիրներից մեկն ապատեղեկատվությունն է։ Ըստ Էմիլյայի՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվում են այս կամ այն ​​կուսակցության վերաբերյալ բազմաթիվ ապատեղեկատվության, օրինակ՝ վերջերս տարածված ապատեղեկատվությունը «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Մամուկա Խազարաձեի վերաբերյալ էր, որը վրացական հասարակության մեջ հայատյացություն սերմանելու փորձ է։ Ըստ Էմիլյայի՝ շատ դժվար է ճիշտ տեղեկատվություն ստանալն ու հասկանալը, քանի որ դրան խանգարում են մի շարք գործոններ՝ գյուղերում ձևավորված կարծրատիպեր, վախ, պետական ​​լեզվի չիմացություն, իրենց իրավունքների չիմանալը և այլն։ Մարդիկ չեն կարող ճիշտ որոշում կայացնել՝ հիմնվելով ապատեղեկատվության վրա։

Էմիլիան կոչ է անում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ համաքաղաքացիներին, նույնիսկ դեռևս չեն կողմնորոշվել, անպայման գնալ ընտրությունների, իրենց կարծիքն արձանագրել, քանի որ այսօր, քան երբևէ Վրաստանի ապագան ժողովրդի ձեռքերում է. «Իմ կարծիքով՝ քաղաքական ներգրավվածությունը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար: Մեր քաղաքացիական պատասխանատվությունն է գնալ ընտրությունների՝ արդար ընտրություն կատարելու։ Այս իրավիճակում բոլորիս ձայնը որոշիչ է։ Մեր գերխնդիրն է՝ գնալ ընտրությունների, արտահայտել մեր կարծիքը՝ ցանկացած կարծիք։ Մեր ավելի լավ ապագան սկսվում է ձայներից, ամեն ինչ մեր ձեռքերում է»։

Հեղինակ՝
Էդիկ Կամալյան