Սոցիալապես անապահովների ահաբեկում. iFact-ի նախընտրական հոդվածը

«Ահաբեկում և շանտաժ սոցիալապես անապահովների նկատմամբ. ինչպես է «Վրացական երազանքը» պատրաստվում ընտրություններին». այս վերտառությամբ լրագրողական հետաքննություն է հրապարակել iFact հետաքննող լրագրողների միությունը։

iFact-ը պարզել է, որ ձայներ հավաքելու համար սոցիալապես անապահովներին սպառնալու, ճնշելու և շանտաժի ենթարկելու պրակտիկան կիրառվում է նաև 2024 թվականի ընտրությունների ընթացքում։

Հետաքննող լրագրողները եղել են Վրաստանի մի քանի շրջաններում՝ հարցի շուրջ զրուցելով ավելի քան 50 սոցիալապես անապահովների հետ։ Հարցվածներն ասել են, որ ահաբեկմանը մասնակցում են քաղաքապետարանները և դրանց ներկայացուցիչներ։

Հարցվածներից Իլիա պապն (անունը փոխված է) iFact-ին ասել է. «Իշխանության մարդկանցից էր: Ինչ էին ասում, դե ասում էին՝ մեզ ձայն կտաք: Ստուգում էին՝ քանի տոկոսն է ձայն տալու «երազանքին»: Ասում էին՝ ամեն ինչ կդադարեցնենք: Այս տարի շատ են վախեցած, հասկանու՞մ եք. հասկանում են, որ մարդկանց մեծ մասը չի քվեարկի։ Շրջում են ու մարդկանց հարցնում՝ ում եք ձայն տալու։ Ասում են՝ չենք թողի մեքենա, տրանսպորտ մտնի գյուղ: Գյուղապետարանից էլ մարդիկ կային։ Գյուղապետն էլ է շրջում ու մարդկանց զգուշացնում: Ամենուր են»:

iFact-ը գրում է՝ սոցիալապես անապահովների մեջ ամենախոցելին այն հատվածն է, որը կառավարությունը ներառել է զբաղվածության ծրագրերում։ Զբաղվածության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին. 2023-ին աշխատանքի է տեղավորվել 139 հազար, իսկ այս տարի արդեն 228 հազար 573 մարդ։

iFact-ի կատարած հարցազրույցներով հաստատվում է փաստը, որ տարբեր մարզերում, քաղաքներում կամ գյուղերում սոցիալապես անապահովներին կա՛մ ուղղակիորեն սպառնում են, կա՛մ ակնարկում են ազատել 300 լարի վճարվող աշխատանքից: Նրանց հետ հարցը քննարկելու համար հիմնականում գնում են գյուղապետի ներկայացուցիչներ կամ իշխող կուսակցության համակարգողները:

Այս թեմայով «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հոդվածը՝ ստորև.

Սոցիալական աջակցության ծրագիրը` զենք ընտրարշավի շրջանում