ԵԽԽՎ 32 դիտորդ՝ վրաստանյան ընտրություններում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու 32 հոգանոց պատվիրակությամբ։

Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինքի (ALDE) անդամ Յուլյան Բուլայի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին կժամանի Վրաստան և կմնա մինչև հոկտեմբերի 27-ը՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ միասին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Պատվիրակությունը կհանդիպի քաղաքական կուսակցությունների և կոալիցիաների առաջնորդների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Վրաստանյան ընտրությունները դիտարկվում են որպես հանրաքվե՝ Վրաստանը ռուսական ուղեծիր է գնում, թե շարունակում է եվրաինտեգրումը։