Նախընտրական շրջանի ամփոփում

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը լարված և իրադարձային էր: Այստեղ կներկայացնենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ օրերի ընթացքում:

Իրադարձություններից մեկը ԵՄ 27 երկրների ղեկավարների որոշումն էր, ըստ որի՝

  •  Դադարեցվեց Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը.        «Վրացական իշխանությունների գործողությունների, որոշումների ու հայտարարությունների հետևանքով ԵՄ 27 երկրների ղեկավարները որոշեցին դադարեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այսպիսով, խնդիրը Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Կիևում չէ: Ե՛վ խնդիրը, և՛ դրա լուծումն այստեղ՝ Վրաստանում է»,- ասել էր Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ «Եթե վրաց ժողովուրդը որոշի ապրել միակուսակցական երկրում, որտեղ քաղաքական ընդդիմությունն արգելված է, քաղաքացիական հասարակությունը չի կարող ազատ գործել, չկան անկախ լրատվամիջոցներ, և յուրաքանչյուր անհատի իրավունքները պաշտպանված չեն, Վրաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ»։ Դեսպանի պարզաբանումը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարևոր է անկախ լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակության ստեղծման գործում։
  • «Վրացական երազանք»-ի ներկայացրած Ուկրաինային վարկաբեկող պաստառները. Հեռուստաալիքներ «Մթավարի արխի»-ի, «TV Պիրվելի»-ի և «Ֆորմուլա»-ի փոխանցմամբ՝ իրենք հրաժարվել էին հեռարձակել  «Վրացական երազանք»-ի ներկայացրած պաստառները, որտեղ ցուցադրված են Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող պաստառներ։ Վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձել էր «Վրացական երազանք»-ի պաստառներին և ներկայացրել իր գնահատականն այս խնդրի շուրջ: ««Վրացական երազանք»-ն այս պաստառներով ցանկացել է տպավորություն ստեղծել, թե, իբր, Վրաստանը խուսափել է այն ամենից, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայում, բայց ոչինչ չի ասվել այն մասին, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել Ուկրաինայում։ Ստացվում է, որ ուկրաինացիներն իրենք են ստեղծել այդ իրավիճակը։ Ոչ մի խոսք այն ​​մասին, որ Ուկրաինան չի արել որևէ բան, որը պատճառ դառնար Ռուսաստանի ագրեսիայի։ Ստացվում է, որ այդ պաստառներն արդարացնում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասել էր Զաքարեիշվիլին:
  • «Ռուսական օրենք»-ի դեմ բողոքարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. Այս օրերին 16 լրատվական կազմակերպություն՝ 120 քաղաքացիական հասարակության կազմակերպության և 4 անհատի հետ միասին, «Ռուսական օրենքը» բողոքարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Մեդիա պաշտպանության կոալիցիան» նշել էր, որ ռուսական օրենքի ընդունումից հետո «Վրացական երազանք»-ն ուժեղացրել է ճնշումը անկախ լրատվամիջոցների վրա և դրա համար օգտագործում է իր ազդեցությունը Հաղորդակցության հանձնաժողովի և դատարանի վրա:
  • Ընտրությունների և եվրոպական պարտավորությունների ֆոնին ադրբեջանցի լրագրողը գտնվում է վրացական բանտում. Թբիլիսիում օգոստոսի 3-ին ձերբակալված Աֆգան Սադիգովը սեպտեմբերի 21-ից հացադուլ էր հայտարարել Թբիլիսիի քննչական մեկուսարանում։ Թբիլիսիի մեկուսարանում հացադուլի 17-րդ օրը Սադիգովի առողջական վիճակը վատացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց։
  • Դիտորդական առաքելություն «Չեմի խմա» («Իմ ձայնը»).                                         «Իմ ձայնը» դիտորդական առաքելության գործունեության արդյունքում ընտրություններին հետևելու է մինչեւ 2000 դիտորդ։ «Իմ ձայն»-ը գործընթացը համակարգում է տեղական մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների հետ՝ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ընտրողի ձայնի պաշտպանվածությունը:
  • Անձնական տվյալների ապօրինի օգտագործումը. Նախընտրական շրջանի խնդիրներից են իշխող կուսակցության կողմից ընտրողների անձնական տվյալների, այդ թվում՝ անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և օգտագործման փաստերը։ Ընտրողների տվյալները, թերևս, պետական ​​գերատեսչությունների կողմից փոխանցվում են իշխող կուսակցությանը՝ ընտրողների կառավարումը հեշտացնելու համար։ Վրացի իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասել է, որ դպրոցներում և այլ պետական հաստատություններում աշխատակիցներից պահանջում են իրենց, ինչպես նաև ընտանիքի անդամների անձնական տվյալները: Իրավաբանի պարզաբանմամբ՝ դա մարդու իրավունքների խախտում է: «Քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրումը քրեական հանցագործություն է: Այս ամենն արվում է ընտրություն կատարողների վրա ճնշում գործադրելու նպատակով։ Չի կարելի վերցնել մարդկանց անձնական տվյալները ցանկացած նպատակով, դա հանցագործություն է:
  • Անձը հաստատող փաստաթղթերի բռնագրավում. Խնդիր է նաև ընտրողների համար նույնականացման քարտերի առգրավումը։ Նման փաստերի վերաբերյալ դիմել են տասնյակ քաղաքացիներ։ Այս դեպքում ևս, չնայած լրատվամիջոցներն ու ընդդիմադիր կուսակցությունները տեղեկություններ են տարածում նույնականացման քարտերի առգրավման և այդ գործընթացներին իրավապահ մարմինների և պետական ​​այլ ծառայողների ներգրավման մասին, պատասխանատու քննչական մարմինները, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայությունը, որևէ հայտարարություն չեն անում։
  • Վարչական ռեսուրսի օգտագործում. Պետբյուջեով ֆինանսավորվող միջոցառումների ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից նախընտրական քարոզարշավը շարունակվում է, ինչն արգելված է և Վրաստանի ընտրական օրենսդրության խախտում է։ Նաև ընտրական հանձնաժողովները համալրված են ավագանիների անդամներով, քաղաքապետարանների աշխատակիցներով, «Վրացական երազանք»-ի համակիրներով և նրանց ընտանիքների անդամներով։
  • Քվեարկության գաղտնիության մասին ապատեղեկատվություն.                      Ակտիվ ապատեղեկատվական արշավ է ընթանում, այդ թվում՝ հանրային ծառայություններում, իբր` էլեկտրոնային քվեարկությունը գաղտնի չէ, ինչը սուտ է։  Ձայների հաշվման և ընտրողների ստուգման մեքենաները միմյանց հետ կապ չունեն։ Էլեկտրոնային քվեարկության գործող ընթացակարգը լիովին ապահովում է քվեարկության գաղտնիությունը։ Ուստի ընտրողները կարող են ազատորեն կատարել ընտրություն ըստ իրենց կամքի:
  • Կեղծ «ընտրաթերթիկներ».                                                                                             Մեդիահարթակում վերջին շրջանում քննարկման առիթ էին նաև կեղծ «ընտրաթերթիկները»: «Տարածվող տեղեկությունների համաձայն՝ բաժանվում են թերթիկներ, որոնք ունեն քվեաթերթիկի տեսք, բայց դրանք քվեաթերթիկի հետ բացարձակորեն կապ չունեն: Սա ևս մեկ ագիտացիայի ձև է, և շատ ցավալի է, որ բովանդակության մեջ օգտագործվում են պատերազմի ու քարոզչության նարատիվներ։

Իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նախընտրական շրջանն այսպես գնահատեց` միակ դրական բանն այն է, որ անցած տարիների համեմատ` այս տարի ֆիզիկական հակամարտություններն ավելի քիչ են:

«Չնայած դրան, այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են` ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, կաշառքը, ընտողների վրա ճնշում գործադրելը, անձնական տվյալների օգտագործումը, ինչպես նաև սպառնալիքը, նախընտրական շրջանում շատ սուր են արտահայտված: Այս ուղղությամբ ոչ մի դրական փոփոխություն չկա»,- ասաց իրավաբանը:

Հիշեցնենք. Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին: Խորհրդարանական ընտրություններում պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։