«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է քաղաքական սուբյեկտների, կուսակցությունների ու կոալիցիաների վերլուծությունը, մասնավորապես՝ նրանց նախընտրական ծրագրերը, խոստումները, ինչպես նաև քաղաքական անցյալը։
Այսպիսով, այս հրապարակմամբ ներկայացնում ենք «Վրացական երազանք» քաղաքական իշխող ուժի մասին հոդվածի երրորդ հատվածը, այս ուժը երկիրը ղեկավարում է արդեն 12 տարի (2012-2024)։ «Վրացական երազանք»-ն ընտրություններին կմասնակցի «41» համարի ներքո, այսօրվա դրությամբ մեծամասնություն է Վրաստանի օրենսդիր մարմնում։
«Վրացական երազանք»-ը ներկայանում է որպես ձախ ցենտրիստական միավորում, սակայն կառավարման վերջին շրջանում կատարված քայլերն այլ բան են ցույց տալիս։
«Վրացական երազանք»-ն իր հիմնադրման օրվանից եղել է Վրաստանի քաղաքական դաշտի կենտրոնական ուժը։ «Վրացական երազանք»-ն ի սկզբանե դիրքավորվում էր որպես «Միացյալ ազգային շարժման» պոպուլիստական այլընտրանք՝ որպես տարբեր քաղաքական խմբակցությունների կոալիցիա, որը միավորված էր «հավասարակշռությունը վերականգնելու» և Վրաստան «իսկական ժողովրդավարություն» բերելու խոստումով: Տարիների ընթացքում «Վրացական երազանք»-ը դարձավ Վրաստանում գերիշխող քաղաքական կուսակցություն, որը ձևավորեց երկրի քաղաքական դիսկուրսը:
«Վրացական երազանքի» սկզբնական գաղափարական պլատֆորմը հիմնված էր հակաավտորիտարիզմի, չափավոր ազգայնականության և պրագմատիկ արտաքին քաղաքականության վրա՝ բոլորը պարուրված պոպուլիստական փաթեթով: «Վրացական երազանք» կոալիցիան իրեն դիրքավորվեց որպես «ավելի մեծ քաղաքական ազատության, թափանցիկության և սոցիալական արդարության ջատագով», որը խոստացավ փոխել Սահակաշվիլիի ժամանակաշրջանի կոշտ քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, նա համեմատաբար եվրոպամետ դիրքորոշում որդեգրեց՝ շարունակելով Վրաստանի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու ջանքերը, թեև ավելի զգուշավոր, քան իր նախորդները։
«Վրացական երազանք»-ը թեև ի սկզբանե քարոզում էր ցենտրիստական և պրագմատիկ գաղափարախոսություն, կուսակցությունը, իշխանության համախմբմանը զուգահեռ, ավելի մշուշոտ դարձրեց իր գաղափարական հիմքերը։
Ի տարբերություն բացահայտ ազգայնականության, որը պաշտպանում են ծայրահեղ աջ խմբերը, «Վրացական երազանք»-ի ազգայնականությունն ավելի չափավոր է: Կուսակցությունը հաճախ ներկայանում է որպես «վրացական ինքնության» և «ավանդական արժեքների» պաշտպան և պրագմատիկ կերպով կառավարում է արտաքին հարաբերությունները հատկապես Ռուսաստանի հետ։ Թեև «պահպանում» է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականությունը, սակայն կուսակցությունը խուսափում է ագրեսիվ հռետորաբանությունից օկուպացնող Ռուսաստանի դեմ՝ հյուսիսային հարևանի հետ հակամարտություն հրահրելու համար:
«Վրացական երազանք»-ը կարևորում էր սոցիալական պաշտպանության ծրագրերը, որոնք ուղղված են միջին վիճակագրական քաղաքացու կենսապայմանների բարելավմանը։ Նրա քաղաքականությունն ուղղված էր աղքատության կրճատմանը, առողջապահական խնամքի հասանելիությանը և սոցիալական հավասարությանը` ուղղված բնակչության տնտեսապես անապահով խավերին: Թեև կուսակցությունն ի սկզբանե խանդավառություն առաջացրեց գյուղական աղքատների և թոշակառուների շրջանում, այս պոպուլիստական մոտեցումը նաև քննադատության արժանացավ քաղաքական իշխանությունն ամրապնդելու համար բարեկեցությունը օգտագործելու մեղադրանքների համար:
«Վրացական երազանք»-ի ղեկավարությունն ավելի ու ավելի է համընկնում պահպանողական արժեքների հետ՝ հաճախ դիմելով ուղղափառ եկեղեցուն, պաշտպանելով այն, ինչը համարում է վրացական ավանդական սովորույթները։ Սա հանգեցրել է հակասական դիրքորոշումների այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ԼԳԲՏՔ+ իրավունքները, որոնք դարձել են Վրաստանի կրոնական և պահպանողական բնակչության ռեզոնանսային խնդիր: Օրինակ՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հոմոֆոբ օրինագծերի փաթեթը։ Իրեն ներկայացնելով որպես վրացական ավանդական արժեքների պաշտպան՝ կուսակցությունն արդյունավետորեն գրավեց սոցիալապես պահպանողական ընտրողներին:
«Վրացական երազանքի» քաղաքական պատմվածքի կարևոր տարրը նրա վերաբերմունքն է Միխեիլ Սաակաշվիլիի և նրա հիմնադրած «Ազգային շարժման» նկատմամբ: «Հակասահակաշվիլիի» դիրքորոշումը որոշիչ հատկանիշ դարձավ, երբ «Վրացական երազանքը» պարբերաբար հղումներ էր անում «Ազգային շարժման» դարաշրջանի չարաշահումներին և ավտորիտար կառավարմանը՝ այն օգտագործելով իր շարունակական կառավարումն արդարացնելու համար։
2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո «Վրացական երազանք»-ի հռետորաբանությունը նկատելիորեն փոխվեց։ Չնայած այն հանգամանքին, որ այսօր Վրաստանն արդեն Եվրամիության թեկնածու երկիր է, «Վրացական երազանքը» միաժամանակ ուժեղացնում է իր հակաարևմտյան քարոզչությունը, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարդկանց համոզել, որ կատարում է Եվրամիության վերապահումները, եվրոպական ինտեգրումը հաջողությամբ է ընթանում։ Չնայած «Վրացական երազանքի» քարոզչությանը՝ դժվար է հավատալ, որ նրա իշխանության օրոք Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, քանի որ Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները գնալով վատթարանում են, ամենացայտուն օրինակը թերևս Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցումն է։ Նշենք, որ Վրաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, «Վրացական երազանք»-ը վերջապես ընդունեց այսպես կոչված Գործակալների օրենքը, ավելի հաճախ և հստակորեն օգտագործում է հակաարևմտյան հռետորաբանություն՝ այլևս չթաքցնելով իր ռուսամետությունը։
Ընտրություններում հաղթելու համար «Վրացական երազանքը» վրաց ժողովրդին վախեցնում է նարատիվով՝ եթե մնա իշխանության ղեկին, ապա Վրաստանը կխուսափի Ռուսաստանի հետ պատերազմից, հետևաբար, եթե մարդիկ խաղաղություն և կայունություն են ուզում, ապա պետք է ընտրեն «Վրացական երազանք»-ին․ եթե պատերազմ են ուզում, ուրեմն քվեարկեն «Հավաքական ազգային շարժման» օգտին։
Հետաքրքիր է, թե ընդդիմությունն ու կառավարող կուսակցությունը ինչպես են բնութագրում Վրաստանի 2024-ի խորհրդարանական ընտրությունները։ Ընդդիմությունը ընտրությունները որակում է որպես ընտրություն Եվրոպայի և Ռուսաստանի միջև, իսկ «Վրացական երազանք»-ը՝ ընտրություն պատերազմի (եթե ընդդիմությունը հաղթի) և խաղաղության (եթե հաղթի «Վրացական երազանք»-ը) միջև:
Վերոնշյալ նարատիվի բաղկացուցիչ մասերից է «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին դավադրության տեսությունը, որի մասին առաջին անգամ հիշատակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Դրա գոյությունը հետագայում «հաստատել» է նաև Բիձինա Իվանիշվիլին իր ելույթներում։ Նշված դավադրության տեսությունը ներառում է գրեթե անհայտ, բայց ենթադրաբար հզոր ուժեր ԱՄՆ-ում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում, որոնք կանգնած են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևում և, իբր, ճնշում են «Վրացական երազանք»-ի վարչակազմին՝ Վրաստանը ներքաշելու Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, այսինքն՝ «ուկրաինացնել» Վրաստանը։ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները պարբերաբար հիշեցնում են քաղաքացիներին այս վնասակար ուժերին դիմակայելու և երկրում խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելու կառավարության հերոսական ջանքերի մասին։
Այս ամենին զուգահեռ Վրաստանը գնալով ավելի է մոտենում Ռուսաստանին «Վրացական երազանք»-ի կառավարման վերջին շրջանում։ Դեպի Ռուսաստան ուղիղ թռիչքների վերականգնում, Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալուց հրաժարվելը, Ռուսաստանի քաղաքացիների անսահմանափակ հոսքը Վրաստան, տնտեսական կախվածության և առևտրի վերականգնումը խրախուսելը, քննադատող ռուս լրագրողների և ակտիվիստների մուտքի արգելումը, Ուկրաինային աջակցության բացակայությունը և հարաբերությունների վատթարացումը և այլն։ Սրանք այն փաստերն են, որոնք հաստատում են Վրաստանի մերձեցումը Ռուսաստանի հետ։ «Վրացական երազանք»-ն արդարանում է նրանով, որ Վրաստանը չի կարող այլ կերպ վարվել, այլապես «պատերազմ եք ուզո՞ւմ»։
Քաղաքացիների առևանգում, պարբերաբար սպանություններ օկուպացիոն գծում, օկուպացված տարածքներում բնակվող վրաց բնակչության իրավունքների կոպիտ խախտումներ և այլն, սա տեղի է ունենում 2008 թվականի պատերազմից հետո՝ ռուս-վրացական հարաբերությունների «բարելավմանը» զուգահեռ։
Նշենք, որ այս ամենի արդյունքում «Վրացական երազանք»-ը աննախադեպ ցածր մակարդակի է հասցրել հարաբերությունները Վրաստանի առաջատար ռազմավարական գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ՝ դրանով իսկ ստեղծելով իրական սպառնալիք Վրաստանի անվտանգությանը։
Քաղաքացիներին ահաբեկման միջոցով ընտրություններում «Վրացական երազանք»-ի օգտին քվեարկելու նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Թբիլիսիում հայտնվեցին կառավարության խաղաղության քաղաքականությանը սատարող պաստառներ, որոնց վրա մակագրված են «Ոչ պատերազմին» և «Ընտրիր խաղաղությունը». Նշենք, որ «Վրացական երազանք»-ի պաստառների վրա օգտագործվել են Ուկրաինայում շարունակվող պատերազմում Ռուսաստանի կողմից ավերված եկեղեցիների, մշակութային ժառանգության և շինությունների պատկերներ, ինչը հետագայում դատապարտել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ «Վրացական երազանք»-ն ընտրություններից առաջ առաջին անգամ չի կիրառում նման քարոզչություն. դեռևս 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ սկսել է «Գարեջին Վրաստանն է» կոչվող քարոզարշավը, որը, ըստ հասարակական կազմակերպությունների, մեկնարկել է իշխող կուսակցությունը հայրենասիրական զգացմունքները շահարկելու համար։
«Գարեջին Վրաստանն է» արշավը կենտրոնացած էր երկու երկրների համար պատմամշակութային նշանակություն ունեցող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի ուղղությամբ։ Համալիրը, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին, երկար ժամանակ լարվածության առարկա էր։
Քարոզարշավն ամրապնդեց ազգային տրամադրությունները Դավիթ Գարեջիի տարածքի կարևորության մասին՝ այն ներկայացնելով որպես Վրաստանի ժառանգության հիմնական մաս՝ պնդելով, որ տարածքը պետք է ամբողջությամբ վերահսկի Վրաստանը: Սա «Վրացական երազանք»-ի ավելի լայն ջանքերի մի մասն էր՝ ներկայանալու որպես Վրաստանի տարածքային ամբողջականության և մշակութային ինքնության պաշտպան:
Նաև, տարածքային վեճերի և ազգային կարևորության հարցերի վրա շեշտադրումը կարող է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչպիսիք են տնտեսական մարտահրավերները, կառավարման խնդիրները կամ իշխող կուսակցության վարած քաղաքականությունից հանրային դժգոհությունը:
Այս քարոզարշավը կարող է դիտվել որպես նախընտրական մարտավարություն՝ աջակցելու իշխող կուսակցությանը՝ որպես ազգային շահերի պաշտպանի արտաքին մարտահրավերների պայմաններում:
«Վրացական երազանք»-ը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների ու քննադատությունների առջեւ, որոնք սպառնում են նրա քաղաքական ապագային։ Դրանց թվում են դեմոկրատական հետընթացի մեղադրանքները, միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնում լրատվամիջոցների ազատության, քաղաքական բազմակարծության և դատական համակարգի անկախության վերաբերյալ: Կուսակցությունը նաև քննադատվել է/քննադատվում է Բիձինա Իվանիշվիլիի ազդեցության վրա չափից շատ ապավինելու համար, կուսակցությանն իր սեփական շահերի համար մեխանիզմ, ոչ թե իսկապես ժողովրդավարական ինստիտուտ լինելու:
Ավելին, կուսակցության արտաքին քաղաքական մոտեցումը, մասնավորապես՝ Ռուսաստանի հանդեպ ընկալվող մեղմությունը, եղել և շարունակում է մնալ ընտրողների առավել արևմտամետ հատվածների միջև վիճաբանության առարկա: Քննադատները պնդում են, որ Ռուսաստանի հանդեպ «Վրացական երազանք»-ի զգուշավոր դիրքորոշումը խաթարում է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը լիարժեք ինտեգրվելու Վրաստանի ձգտումները, մինչդեռ կողմնակիցներն ասում են, որ կուսակցությունը կայունություն է ապահովում և խուսափում անհարկի հակամարտությունից:
Հեղինակ՝
Էդիկ Կամալյան